News.am-ը գրում է.

Կոնգրեսի Սենատը կարող է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցը քննել նրա նախագահական ժամկետի ավարտից հետո: Այս մասին ուրբաթ հաղորդել է The Washington Post-ը` վկայակոչելով վերին պալատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելի կողմից տարածված հուշագիրը:

Այս փաստաթղթի համաձայն` Սենատը քվեարկություն պահանջող որեւէ լուրջ հարցի քննարկման համար մինչեւ հունվարի 19-ը չի հավաքվի: Ավելի շուտ դա կարելի է անել միայն բոլոր 100 սենատորների համաձայնությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Եթե այդպիսի միաձայն որոշում չկա, ապա Ներկայացուցիչների պալատի կողմից Թրամփի դեմ իմպիչմենտի հոդվածների հաստատման եւ մեղադրողների նշանակման դեպքում Սենատը կընդունի դրանք եւ հոդվածները կստանա միայն հունվարի 19-ին կամ 20-ին: Բուն գործընթացը սկսել այն կկարողանա միայն հունվարի 20-ին կամ 21-ին` տեղական ժամանակով ժամը 13-ին: Թրամփի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունվարի 20-ի կեսօրին, երբ Ջոզեֆ Բայդենը պաշտոնապես ստանձնի պաշտոնը: «Այսպիսով, գործընթացը Սենատում կսկսվի հունվարի 20-ին Թրամփի նախագահական լիազորությունների ավարտից հետո կամ 24 ժամ անց դրանից հետո` հունվարի 21-ին»,- ասվում է Մաքքոնելի հուշագրում:

Դա նշանակում է, որ իմպիչմենտով զբաղվելու է ոչ թե Մաքքոնելը, այլ դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը, որի կուսակցությունը անցած ընտրությունների արդյունքներից հետո վերահսկողություն ստացավ Սենատի նկատմամբ:

Բացի այդ, անհասկանալի է մնում նաեւ, թե ով է նախագահելու գործընթացը, եթե այն կայանա, նշվում է հուշագրում: Գործող կանոնները թելադրում են, որ ներկայիս նախագահի դեպքում դա պետք է լինի ԱՄՆ Գերագույն դատարանի ղեկավար Ջոն Ռոբերտսը: Սակայն այդ ժամանակ Թրամփն այլեւս գործող նախագահ չի համարվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել