Մանկության ընկերս օրերս ասում էր՝ կամաց-կամաց խելագարվում ես․․․ Վերջին 3 ամիսներին իմ հոգեվիճակի, թերևս, լավագույն բացատրությունն էր։ Իսկապես, խելագարվել կարելի է՝ ամեն օր գնալ Եռաբլուր ու տեսնել հերոս տղաների գերեզմանները, ամեն օր նրանց թվի ավելացումն ու գիտակցել, որ հնարավոր էր փրկել այդքան կյանքեր, պահել հսկայական հողեր։
Խելագարվելու բան է, երբ 2012-ից գլուխ եմ ջարդում հայկական սեփական տեղեկատվական և ՌԷՊ արբանյակ ունենալու համար։ 202 մլն դոլար արժողությամբ այդ արբանյակի ծրագիրն այն ժամանակ հավանել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, նույնիսկ ընթացք տվեց ծրագրին, բայց հետո թե ուր գնացին ծրագիրն ու փողը, անհայտ մնաց։
2018-ից հետո նույն առաջարկները ներկայացրի ՀՀ նոր կառավարությանը՝ պնդելով, որ Ադրբեջանն արդեն ունի 2 նման արբանյակ, որ մենք պարտավոր ենք պատրաստ լինել ռադիոէլեկտրոնային պատերազմների։ Վարչապետի, որոշ պատգամավորների, ԲՏԱ նախարարի մակարդակով հեգնանք եղավ պատասխանը, թե իրենք ամեն ինչ գիտեն, իրենք ոչ մի բանի կարիք չունեն։
2020 թ․ հուլիսին ՀՀ Տավուշի մարզի վրա ադրբեջանական հարձակումից պարզ դարձավ, որ թշնամին ամիսներ անց Արցախի վրա է հարձակվելու և կիրառելու է նորագույն տեխնոլոգիաներ։ Հուլիսի 13-ին և 30-ին գրեցի այդ մասին, նշեցի, որ մենք իրավունք չունենք կուլ տալու թշնամու խայծը։ Կրկին զրո արձագանք, զրո մտահոգություն, զրո աշխատանք։
Իսկ ես ու մյուս փորձագետ գործընկերներս զգում էինք այդ գրողի տարած պատերազմի մոտալուտ հոտը։
Վերջին անգամ տեղեկատվական և ՌԷՊ արբանյակի անհրաժեշտության մասին ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի հետ խոսեցի 2020 թ․ օգոստոսի կեսին։ Առաջարկեցի, խնդրեցի, որ գոնե վարձակալենք ավելի մատչելի՝ տարեկան մոտ 30-35 մլն դոլարով արբանյակ, ինչը կօգնի ավելի ապահով դարձնել մեր օդային տարածությունը։ Նախարարին ներկայացրի այդ առումով Ադրբեջանի 10 տարվա աշխատանքը, դրա արդյունքները, որ մենք կանգնած ենք աղետաբեր պատերազմի շեմին։
Ստիպված եղա հերթական անգամ արբանյակի թեման բարձրացնել նաև ԲՏԱ նախարարի մամուլի ասուլիսի ժամանակ՝ 2020թ․ օգոստոսի 26-ին։ Իմ հրապարակային հարցի և պատասխանի տեսագրությունն էլ կա․ «Ունենալ մեկ ամբողջական արբանյակ այս պահին Հայաստանի համար նպատակահարմար չի համարվում։ Պետք է տեսնել՝ դրանց հզորություններն իրացվելու են, թե ոչ»,- նախարարի հրապարակային պատասխանն էր:
Հակոբ Արշակյանը պնդում էր, թե իմ մատնանշած արբանյակները զբաղված են բացառապես հեռուստաալիքների սփռմամբ, մինչդեռ մենք ստեղծում ենք հեռախոսային հավելվածներ, մենք մշակում ենք ծրագրեր, մեզ կուպսատ արբանյակներ պետք չեն․․․
Որտե՞ղ են ձեր հավելվածները, սմարթֆոնների ստարտափներով պատերազմ էիք վարելո՞ւ, երբ թշնամին լայնորեն կիրառում էր իր դրոններն ու ՌԷՊ միջոցները։ Գոնե 1 անգամ նայեիք, թե ինչ էր անում Ադրբեջանը իր Azerspace 1 և Azerspace 2 արբանյակներով։ Գոնե մասնագետների հետ խորհրդակցեիք, հասկանայիք, որ, բացի սոսկ տեղեկատվությունից, դրանք նաև այլ գործառույթներ ունեն։
Դուք իմ տեղը լինեք, չե՞ք խելագարվի՝ ամեն անգամ Եռաբլուրում նայելով հազարներով երիտասարդ տղաների թարմ շիրիմներին ու հասկանալով, որ ես ինքս կարող էի փրկել այդ մարդկանց, կարող էի թույլ չտալ այս ողբերգությունը։ Այսքան զոհերի պատասխանատվությունը ո՞վ է իր ուսերին կրում։ Ես ինքս ինձ չեմ ներում, որ չկարողացա լավ համոզել, պարտադրել, հասնել այս ողբերգության կանխմանը․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել