Երկար եմ մտածել այս ամենը հրապարակային գրելու մասին, բայց կարծում եմ՝ սենց ավելի ազնիվ է: Ուրեմն նոյեմբերի 11-ից սկսած երկրում կոնկրետ քաղաքական և բարոյական ճգնաժամ է սկսել: Այդ ճգնաժամի հաղթահարման համար, կարելի է ասել, կային և դեռևս կան բոլոր հնարավոր ինդիկատորները, բայց, ցավոք սրտի, դրա հաղթահարման գործնական դրսևորումների ծայրն անգամ չի երևում:
Նոյեմբերի 11-ին հաջորդած օրերին մասնակցել եմ բոլոր բողոքի ցույցերին, բայց ազգային խայտառակությունից անցել է արդեն 2 ամիս, և այդ ամենի օգտակարությունը, մեղմ ասած, ցածր է: Բազմաթիվ քաղաքացիներ այս ողջ ընթացքում (քաղաքական ակցիաների ժամանակ, փողոցում, ֆեյսբուքով և այլն) մոտենում էին և բողոքում ակցիաների անարդյունավետությունից: Անձամբ ես, տեխնոլոգիապես և համակարգայնորեն լավ պատկերացնելով այն բոլոր բարդությունները, որ ունեն հանրային բողոքի կազմակերպիչները, այնուամենայնիվ կարծում եմ, որ ստեղծված բարոյական ճգնաժամն ունի առավել արդյունավետ լուծման ճանապարհներ, որոնք, սակայն, որևէ պարագայում պառակտում կամ հակադրություն չեն ենթադրում արդեն գործող ձևաչափերին: Հետևաբար երկար քննարկումներից հետո մի քանի ընկերների (որոնց անունները կհրապարակեմ ոչ հեռավոր ապագայում), դավաճան վիժվածքին հեռացնելու ցանկություն ունեցող անհատների և շարժմանն ակտիվորեն մասնակցած/մասնակցող քաղաքացիների հետ միասին որոշել ենք ստեղծել նոր ձևաչափ, որը մյուս ձևաչափերին զուգահեռ կփորձի արագացնել քաղաքական և բարոյական ճգնաժամի հանգուցալուծումը:
Վաղը կամ մյուս օրը սրա մասին ավելի բովանդակային ուղիղ եթերով հանդես կգամ: Մինչ այդ ասեմ, որ իմ խորին համոզմամբ ներկայումս մեթոդական առումով քաղաքական առկա գործիքակազմի 20 տոկոսն անգամ չի օգտագործվում, և մենք փորձելու ենք դրանք բերել դաշտ, կիրառել անձամբ կամ մեր գործընկերների հետ միասին: Անկախ ցանկացած մեթոդական կամ համակարգային տարակարծությունից՝ մենք մեր ձևաչափով շարունակելու ենք մասնակցել այն քաղաքական միավորների կողմից իրականացվող միջոցառումներին, որոնց գործողությունները միտված են դավաճանական իշխանություններին հեռացնելուն: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ այսուհետ դաշտում պետք է գործի քաղաքական և հասարակական ձևաչափերի բազմազանության, կամ «Ինքնակազմակերպում՝ հանուն փրկության» սկզբունքը, ինչի առաջին գործնական դրսևորումը կլինի մեր կողմից նախաձեռնած նոր ձևաչափի ստեղծումը:
Վերոգրյալին միանալու, մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են անձնական նամակով գրել ինձ, իսկ ավելի հրապարակային այս մասին կխոսեմ խոստացված ուղիղ եթերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել