Pastinfo.am-ը գրում է․

Արդյոք կան իրավական հիմքեր պնդելու, որ ՀՀ և Ադրբեջանի սահմանները պետք է գծվեն Խորհրդային վարչական սահմաններով։ «Ազգային աղետ և վերածնունդ.իրավական բաղադրիչը» խորհրդաժողովի ընթացքում նման հարցադրում բարձրացրեց միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը եւ ընդգծեց, որ տարածքային վեճերը կապվում են պատմության հետ և քննարկումը պետք է սկսել դեռևս Թուրքմենչայի պայմանագրից։

« Պետք է անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի առաջին հանրապետությունների ձևավորման դրվագին։ Հատկապես՝ տարածքային վեճերը միշտ եղել են, որոնք սառեցվել են՝ Խորհրդային Միության ձևավորմամբ։ Հարկ է նշել, որ վեճը սառեցվել է, երբ գործել է միջազգային իրավունքի մեկ ռեժիմ և ապասառեցվել, երբ գործել է բոլորովին այլ ռեժիմ»,- նշեց նա։

Բանախոսի դիտարկմամբ՝ Խորհրդային սահմանների շարունակության սկզբունքը որևէ աղերս չունի տարածքային ամբողջության սկզբունքների հետ։ Ավելին՝ որևէ իրավական հիմք չկա՝ սահմանները Խորհրդային Միության սահմաններով գծելու համար։

Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց և պետությունների միակողմանի հայտարարություններին, ապա դրանք ունենում են իրավական հետևանք և այդ հայտարարություններն անհապաղ մաքրման, շտկման կարիք ունեն։ Գևորգյանը նշեց, որ անհրաժեշտ է պետական հստակ դիրքորոշում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել