Վերցնելով իշխանությունը՝ դուք, նախկիններին հանցավոր հայտարարելով, ձեր կառավարության զգալի մասը նշանակեցիք նույն նախկիններից՝ Դավիթ Տոնոյան, Ֆելիքս Ցոլակյան, Ատոմ Ջանջուղազյան, Արմեն Ղուլարյան, Մովսես Հակոբյան, Դավիթ Անանյան և այլն. ցանկը, ինչքան ուզեք, կարելի է շարունակել: Ի դեպ, այս անձանց մի մասին խորին հարգանքով եմ վերաբերվում, անհատական խնդիր չկա իրենց հետ... Բայց...
Ասենք, նույն Ջանջուղազյանը մշտապես եղել է նախկին իշխանությունների կասիրը, այսինքն՝ ամբողջովին տիրապետել է կոռուպցիոն սխեմաներին, տարիներ շարունակ ձեր կողմից բարձրաձայնվող բոլոր մեքենայությունների գծագրողն է եղել ի պաշտոնե, ինչո՞ւ նախարար նշանակեցիք...
Պետական ամբողջ համակարգը՝ պետեկամուտներից ոստիկանություն, ԱԱԾ-ից առողջապահություն, որ ոլորտը կցանկանաք, ավելացրեք, մեկ տոկոսի տարբերությամբ թողեցիք նույնը, չնայած մինչ այդ պնդում էիք, որ բոլորը պետք է արմատապես բարեփոխվեն... Ավելին՝ բավականին կոմֆորտով սկսեցիք աշխատել նրանց հետ...
Ծառայողական ավտոմեքենաների աննպատակահարմարությունից խոսեցիք՝ ավելացրիք դրանց թիվը, վարչապետի թիկնազորը նույնիսկ բազմապատկեցիք, գազի գնի սպեկուլյացիայից ու սահմանային խարդավանքներից խոսեցիք՝ գազը թանկացրիք, հոսանքից խոսեցիք՝ թանկացրիք, շաքարավազի ու այլ ապրանքատեսակների մոնոպոլիայից խոսեցիք, էլի թանկացրիք, բանակի սպառազինությունից խոսեցիք, իմպոտենտ զինատեսակներ գնեցիք, գոյատևեցիք բացառապես նախկինում եղած ռեֆորմների իներցիայով, ոչ մի, բացարձակապես ոչ մի նոր բան չստեղծեցիք, ռեֆորմ չարեցիք...
Միայն նոր բանը, որ արեցիք, զրոյական կետն էր Արցախի հարցի բանակցություններում...
Արդյունքն արդեն գիտեք...
Ստացվեց այն, որ վերցրիք նախկինների կադրերին, նույն տնտեսական կուրսը, որոշակի իներցիայով, կայուն պետական համակարգի պայմաններում, առանց լուրջ ջանքերի ու ռեֆորմների յոլա տարաք ու հենց սկսեցիք ինչ-որ բան ձեր, զրոյական կետից սկսել, լրիվ լայքմեջ արեցիք...
Ախպոր պես, էլ ոչ մի բան զրոյից մի սկսեք...
Զառիթափում խալաստոյ փախած ավտոն անգամ, եթե ռույլից անկապ ծառս չես ըլնում, հավանական ա, որ զառիվերի հանդիպելիս ընթացքը կդադարացնի, հետ ու առաջ կճոճվի, կկանգնի...
Բայց եթե ռույլին նստած անպռավա դիլետանտն անորոշության մեջ սկսի ղեկը աջ ու ձախ անել, անդունդը ընկնելու հավանականությունը համարյա 100 տոկոս ա...
Այ քեզ նոր, զրոյական կետ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել