90-ական թվականներից Հայաստանի որոշ շրջանակների մոտ կար համոզմունք, որ պետք է Արցախը զիջելու գնով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններ ստեղծել, այլապես Հայաստանը զարգացման հնարավորություն չունի: Նման համոզմունքներ կրողներ շատ կային այն ժամանակվա իշխող ՀՀՇ կուսակցությունում: Այդ տեսակետը կար նաև 1920 թվականի Հայաստանում: Պատահական չէ, որ երկու դեպքերում էր Թուրքիայի միջոցով փորձ էր արվում մտնելու Արևմուտքի քաղաքական արեալի մեջ՝ ստանալով արտաքին քաղաքական կողմնորոշման բնույթ։ Երկու դեպքում էլ արդյունքները ողբերգական էին։
Դա խորքային համոզմունք էր այդ մարդկանց մոտ, սակայն քանի որ 1988-ից սկսված Արցախի հարցը դարձել էր ազգային ծրագիր, առավել ևս՝ 90-ականների հաղթանակներից հետո, նման կարծիքը մարգինալացվել էր, սակայն այդ մարդիկ ու այդ համոզմունքը մնացել էին: Գործող վարչապետը հենց այդ շրջանակի միջոցով էր մտել լրագրություն, իսկ հետո՝ քաղաքականություն:
Համարվում էր, որ արցախցիները և Արցախի ծագում ունեցողները հասկանալի պատճառով նման տեսակետի հետ չեն համաձայնվի և հենց այդ շրջանակների կողմից էր առաջ տարվում հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը: Նման պրոպագանդա էր իրականացնում նաև գործող վարչապետը, բավական է ընդամենը կարդալ նրա այդ տարիների հոդվածները։
Ինչպես 1920-ին, այնպես էլ հիմա պարզ դարձավ, որ Թուրքիային ու Ադրբեջանին ոչ թե բուն Արցախն է հետաքրքրում, այլ Հայաստանը, որը խանգարում է նրանց ֆիզիկական միավորմանը: Պատահական չէր, որ հենց Աթաթուրքի պահանջով է Նախիջևանն անցել Ադրբեջանին, իսկ 30-ական թվականներին Իրանի հետ տարածքների փոխանակման միջոցով Նախիջևանն ու Թուրքիան ցամաքային սահման են ձեռք բերել: Դա թուրքերի ու ադրբեջանցիների համար ազգային ծրագիր է, վաղուց պլանավորված, իսկ Արցախը խանգարում էր այդ նախագծին:
Եթե ուշադիր նայենք 2018-ից հետո ԱԺ ձևավորված քաղաքական մեծամասնության անդամների կենսագրություններին, ապա դրանց մի զգալի հատվածը հենց նման տեսակետ կրողներն են, որոնց պատրաստել ու ընտրել են տարիների ընթաքում։
Արցախյան 2-րդ պատերազմի սկիզբը պետք է համարել 2018-ի խորհրդարանականն ընտրությունները, որոնք այդ քաղաքական հոսանքի համար «հաջող» ընտրություններ էին ու պատերազմն արդեն երաշխավորված էր, որի ժամանակ ու որից առաջ տեղի ունեցած «տարօրինակ» իրադարձությունները ստանում են կոնկրետ տրամաբանություն։
Ծրագիրը դեռ չի ավարտվել եւ գործող խորհրդարանի անդամները, իշխանություն թե ընդդիմություն, գիտակիցներ թե անգիտակիցներ, գրագետներ թե տգետներ, խոսողներ թե լռողներ, կրում են այս ամենի պատասխանատվությունն անհատապես ու առժամկետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել