Օրեր առաջ՝ չստացված, սակավամարդ բողոքի մի ցույցից հետո, հին ու լավ ծանոթիս հանդիպեցի, ում հետ 7–8 տարի նորմալ չէի զրուցել։
Հրապարակում ցուրտ էր, բայց մոտ մի ժամ խոսեցինք։
Այդ տարիների ընթացքում շատ դրամատիկ իրադարձություններով էր անցել։
Ասաց. «Այս հարթակում ելույթ ունեցողներից շատերից զզվում եմ, բայց հասկանում եմ, որ հիմա կարևորն իմ անձնականը չէ, այլ երկիրը դավաճանից փրկելը»։
Ի տարբերություն այսօր Նիկոլի դեմ դուրս եկածներին հրեշացնող շատ-շատերից՝ զրուցակիցս ԻՐԱԿԱՆ հիմքեր ունի ատելու այդ մարդկանց, քանզի անձամբ իրեն լուրջ վնաս են տվել։
Նա ոչ ոքի չի ներել, բայց իր անձնական զգացմունքները հիմա մի կողմ է դրել։
* * *
Եթե ձեզ թվում է, որ Նիկոլին դեմ դուրս եկածների մեծ մասին համակրում եմ, իրենց հայացքները կամ ճաշակները կիսում, ապա սխալվում եք։
Բայց իմ հայացքներն ու ճաշակը, իմ համաձայնություն-անհամաձայնությունը տասներորդական կարևորության է մեր երկրի՝ հենց հիմա ընթացող կործանման ֆոնին։
Թշնամիները՝ թուրքերը, ադրբեջանցիները և Նիկոլը, փորձում են մեր ազգը բզկտել ու խեղդել։
Եթե ուզում ենք երկիր ունենալ, մեր անձնական ամբիցիաները, դառնությունները, հին ու նոր հաշիվները հիմա չպիտի առաջին պլան հանենք։
* * *
Այսքանը գրել եմ, որովհետև ամեն օր, ամեն ժամ տարբեր մարդկանցից լսում եմ «բա լա՞վ էր, որ հները» անիմաստագույն ու, կներեք, ապուշագույն թեզը։
Հա, լավ էր։ Անհամեմատ ավելի լավ էր քան հիմա։ Մենք հաղթած ազգ էինք, Արցախ ունեինք, մեր հողի վրա հանգիստ տեղաշարժվում էինք, Եվրոպայի ամենաանվտանգ երկրներից մեկն էինք... Մենք ապագայի պլաններ էինք կազմում և այնքան ազատ էինք, որ ՖԲ-ում գրառում կամ մեկնաբանություն անելուց առաջ երբեք չէինք մտածում, որ կարող է դրա համար քննիչից ծանուցագիր ստանանք։
Հայաստանում այնքան լավ էր, որ մարդկանց ոչ ոք չէր խանգարում երկրից դուրս գալ, իսկ հազարավոր մարդիկ՝ «սուր զգացողությունների» հետևից ընկած, անընդհատ նավակ ճոճելով էին զբաղված։
Հիմա, երբ նավակն այնքան ճոճեցին, որ շուռ տվեցին, շարունակում են կառչել իրենց առաջնորդի ստեղծած կեղծ իրականության բեկորներից և մոլագարների պես կրկնել. «Բա լա՞վ էր, որ հները...»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել