Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռանալու պահանջը մի տեսակ երկրորդական պլան է մղել այն ծրագիրը, թե ինչ ենք անելու նրա հեռանալուց հետո։ Երբ Փաշինյանը հստակ ասում է, որ մտադիր չէ հեռանալ, իսկ նրա դեմ պայքարողները նշում են, որ մինչև չհեռանա, ի՞նչ երկրի զարգացման պլաններից խոսեք, երբ նրա պաշտոնավարման ամեն օրը մեզ անդունդ է գլորում, ավելի լավ է՝ խոսենք Փաշինյանի հեռանալու ծրագրերից։ Բայց իշխանության հեռացման տակտիկական պայքարը չպետք է շեղի ռազմավարական պայքարից, մեր երկրի զարգացման ծրագրերից։ Ախր Փաշինյանի աթոռին մնալը լուրջ աշխարհաքաղաքական վայրիվերումների մեջ է մեր երկիրը գցելու, սա առավել կարևոր է բացատրելը հանրությանն ու հենց հիմա, ոչ թե հետո։
Իր պաշտոնավարման ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանդեպ խորը անվստահություն ունի մեր ռազմավարական դաշնակիցը, իսկ վարչապետը լավ է հասկանում, թե ինչ ազդեցություն ունի Ռուսաստանը մեր երկրում ու մեր տարածաշրջանում, ուստի, հասկանալով, որ ինչ էլ անի, վստահություն ձեռք չի բերի, մեր պետության շահերը հոժարակամ հանձնեց ՌԴ ազդեցությանը, մեծացրեց նրա դերը մեր երկիր նկատմամբ, արդեն Ադրբեջանի հետ սահմանն էլ ենք հանձնում ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Թվում է, թե ինչ վատ բան կա դրանում, մեր երկրում շատերն են կողմնակից Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացմանը։ Այո՛, բայց որ այդ հարաբերությունները խորանան փոխշահավետ, այլ ոչ թե մեր երկիրը գցենք վասալային կախվածության մեջ, ինչ է, թե դրանով Փաշինյանը ստանա երաշխիք աթոռը պահելու, թե ով էլ գա իշխանության իրենից հետո, այսքան չի մեծացնի Ռուսաստանի ազդեցությունն ու այսպես չի ստորադասի Հայաստանի շահերը՝ գրավոր ու բանավոր պամանավորվածությունների շրջանակում։
Բայց ի՞նչն է վտանգավոր մեր երկրի համար․ Փաշինյանը որքան մեծացնում է Ռուսաստանի ազդեցությունը, այնքան էլ զուգահեռաբար պահում է շանտաժի գործիքը, որ եթե իրեն չեն պահի իր աթոռին, ապա ինքը երկիրը կտանի դեպի Արևմուտք։ Այսինքն, երբ մարդիկ նրան մեղադրում են այս բարդ իրավիճակում Արևմուտքի հետ խաղեր տալու մեջ, Սորոսի գործակալական ցանցով մեր երկրի արտաքին-քաղաքական արևմտյան վեկտորը պատրաստ պահելու մեջ, Փաշինյանը համարում է, որ այս ի՞նչ լավ է, որ այդ վտանգի մասին հասկանում են, ուրեմն կհասկանան, որ եթե իրեն ճնշեն, ապա այդ պլան Բ-ն ինքը կաշխատեցնի։
Այն, որ ԱՄՆ նորընտիր նախագահն իր երկրի համար թիվ մեկ սպառնալիք է համարում ՌԴ-ն, ակնհայտ է, ու այն, որ պատրաստվում է պաշտոնը ստանձնելուց հետո շատ ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հանդեպ, դա էլ է ակնհայտ, ու ցանկացած առիթ օգտագործելու է մեր ռազմավարական դաշնակցի շահերին հարված հասցնելու համար աշխարհի ցանկացած վայրում, իսկ որպեսզի առավել ցավոտ լինի, Հարավային Կովկասում։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ում հայերը մեծապես բնակվում են Կալիֆոռնիա նահանգում, և ԱՄՆ ընտրական գործընթացների վրա եթե ինչ-որ չափով ազղեցություն ունենում են, ապա միայն այդ նահանգում։
Նախագահական ընտրություններում 1992թ․-ից, կարելի է ասել, արդեն ավանդաբար Կալիֆոռնիայի նահանգն իր ձայնը տալիս է նախագահի դեմոկրատ թեկնածուին։ Իսկ հիմա ոչ միայն դեմոկրատ Բայդենն է հայերի սրտի թեկնածուն, այլ փոխնախագահ Քամալա Հարիսը, ով եղել է Կալիֆոռնիայի դատախազը, այնուհետև սենատոր նույն նահանգից։ Սա խոսում է այն մասին, որ ամեն կերպ փորձ է արվելու ներկայացնել, թե պատերազմը դադարեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ հայտարարությամբ, որով խաղից դուրս են թողնվել Մինսկի խմբի երկու համանախագահ երկրները՝ ԱՄՆ, Ֆրանսիա, իսկ դա չի բխում հայ ժողովրդի շահերից, այլ Ռուսաստանն իր ազդեցությունն է մեծացրել, բացի այդ՝ մեր շահերի ոտնահարումով գոհացրել է Թուրքիային ու Ադրբեջանին, ուստի այդ փաստաթուղթը վերանայման ենթակա է, ու դրանում ԱՄՆ-ն մեզ կօգնի։
Թվում է, թե ի՞նչ վատ բան են ասում, պատրաստ են անգամ ճանաչել Արցախի անկախությունը, վերականգնել նրա տարածքային ամբողջականությունը, թեկուզ միջազգայնորեն չճանաչված երկրի կարգավիճակով, ի՞նչ․ մենք չպե՞տք է գոհ լինենք դրանից։ Բայց իրականում հարցը միանգամայն այլ ու ավելի բարդ ընթացք կարող է ստանալ։ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ պետություն ու ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակից։ Համարենք, որ մեր անվտանգային շահերը խիստ ձևականորեն է պաշտպանում ՀԱՊԿ-ը, իրականում այն երաշխավորված է հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանավորվածությամբ, հիմա մենք ի՞նչ ենք անելու՝ ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը փոխարինելու ենք ԵՄ-ով ու ՆԱՏՕ-ո՞վ։ Պարզ է, չէ՞, որ դա ամենամեծ ցանկության դեպքում անգամ տեսանելի ապագայում հնարավոր չէ։ Այդ դեպքում մեր երկրի անվտանգությունը պետք է առաջարկենք ԱՄՆ-ի՞ն, որպեսզի զորք մտցնի Հայաստան ու փոխարինի Ռուսաստանին, բայց դա կարող ենք անել միայն ռուսական զորքը մեր երկրից հանելուց հետո միայն։
Մեզանում ռազմավարական ու ուղեղային տարբեր կենտրոններ, անհատ փորձագետներ, լրջագույն վերլուծություններ պետք է անեն ու բազմակողմանիորեն քննարկեն, թե հետպատերազմական այս բարդ իրավիճակում կարելի՞ է արդյոք մեր երկրի համար արտաքին քաղաքական վեկտոր փոխել, և ինչի՞ դա կհանգեցնի, մանավանդ որ մեր տարածաշրջանն ավելի բարդ վիճակում է հայտնվել՝ Թուրքիայի ագրեսիվ նկրտումներ, դրան համարժեք Իրանի ակտիվություն, ԱՄՆ-ի ցանկությունը՝ ընկղմվել ՌԴ-ի կենսական շահերի տիրույթ և այլն։ Այս պարագայում պարզունակ է կարծել, որ ԱՄՆ-ն մի քիչ նեղացած է Էրդողանից, ուստի հաստատակամորեն կպաշտպանի մեր շահերը։ Չենք մտածո՞ւմ, որ Էրդողանի շնորհիվ ՆԱՏՕ-ի զորքը հայտնվել է Հարավային Կովկասում, վաղը պետք լինի նրա հետ հարաբերությունները կբարելավեն, պետք լինի Թուրքիայի ներպետական խաղերով կարող են Էրդողանին փոխարինել պրոամերիկյան գործչով, բայց ցանկացած պարագայում ՆԱՏՕ-ի զորքը կմնա Հարավային Կովկասում, ինչն, անշուշտ, բխում է ԱՄՆ-ի շահերից։ Ուստի Փաշինյանի կողմից այսքան մտնել Ռուսաստանի ազդեցության տակ ու այսքան վտանգավոր ձևով փորձ անել Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից ԱՄՆ-ի ջանքերով, եթե հանկարծ ռուսները Փաշինյանի աթոռը պահելը չերաշխավորեն, սա արդեն պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծելու։ Ցավոք, զբաղված ենք միմիայն Նիկոլ հեռացնելով, իսկ նա երկիրն ամեն օր կարող է գցել աշխարհաքաղաքական ցնցումների մեջ։ Այ սա պետք է հստակ բացատրենք մեր հանրությանը։
Մենք տեսնում ենք, թե մեր արևմտամետ քաղաքական ուժերը ոնց են անթաքույց ներկայացնում, թե մենք Արցախը կորցրել ենք՝ մի մասը Ադրբեջանին է անցել, մյուս մասը՝ Ռուսաստանին, էլ ի՞նչ ունենք կոցնելու, եկեք Հայաստանը գոնե փրկենք Ռուսաստանից։ Եթե սրա դեմ փաստարկված հիմնավորումներ չբերվեն, ինչո՞ւ չպիտի արևմտամետները զարգացնեն այս ուղղությունը, մանավանդ որ ներկայացնում են, թե 17-ի ձևաչափը չի վերանայելու «եռակողմ» հայտարարությունը, այսինքն՝ ուզում են ներկայացնել, որ իշխանության դեմ պայքարը դարձյալ ռուսական տիրույթում է։ Այ սա էլ պետք է ավելի հիմնավոր բացատրել, որ պայմանագրի չվերանայումը հենց երկիրը ցնցումների մեջ չգցելու համար է, ու շատ բաների կարելի է անդրադառնալ ու շտկումներ արդեն Փաշինյանի հեռանալուց հետո։
Կորանավիրոսի նոր փուլի ակտիվացման պատճառով աշխարհը պատուհասած տնտեսական աղետը, դրան էլ գումարվել է, որ համաշխարհային հանրությունը սրտատրոփ սպասում է, թե ԱՄՆ նոր ադիմինիստրացիան աշխարհակարգի ինչպիսի փոփոխություն է պատրաստվում մեր մոլորակին պարտադրել, գլուխ չեն հանում, թե ի՞նչ պետք է անեն նոր իրավիճակում, շվարել են, իսկ «արխիստրատեգ» Նիկոլը թերևս աշխարհում միակն է, որ օլիմպիական հանգստությամբ գիտի, որ ռուսներն իր աթոռը չպահեն, կդիմի ամերիկացին ու բոլոր հարցերը կլուծվեն։ Ինչքան քիչ բան պետք է հասկանալ կյանքում ու քաղաքականությունից, որպեսզի այսչափ ինքնավստահ լինել։
Փաշինյանը ուշ թե շուտ կհեռանա, իսկ մենք կկարողանա՞նք նրա ավերածությունների հետևանքների տակից դուրս գալ, որ հիմա էլ ամերիկացիների ախորժակը բացենք մեր երկրի հանդեպ ու այդ երկու գերտերությունների բախման կետ ստանանք մեր երկրում։ Իսկ դրանից հետո ով էլ գա իշխանության, այլևս վիճակը շտկել չի կարող։ Այ սա չպետք է թույլ տանք, ու այս ուղղությամբ տարվելիք աշխատանքն անհամեմատ ավելի կարևոր է, քան թե քանի օր հետո կհեռանա Փաշինյանը, քանի որ մեզ փորձանքի մեջ գցելու համար չգիտենք, թե նրան քանի օրն է բավարար։ Սա պետք է հասկանա ոչ միայ օրվա իշխանությունը, այլև մենք բոլորս, քանի որ բոլոր այս պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել ՌԴ-ի միջնորդությամբ, ինչից մենք դժգոհ ենք, բայց հասկանում ենք, որ դա իրավիճակային լուծում էր, կարող ենք չեղյալ համարել, ու պարզվի, որ Արևմուտքի նոր առաջարկներից կարող ենք ավելի շատ դժգոհ մնալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել