Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն, Պաշտպանության նախարարություն,
Հանրության համար անհասկանալի պատճառներով Գորիս-Կապան ճանապարհի մի մեծ հատված անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրա պատճառը ո՛չ պատերազմական գործողություններն էին՝ հայկական զորքերի նահանջի տեսքով, ո՛չ էլ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
Սյունիքի մարզի մի հատվածը սահմանակից է, այսպես կոչված, նախկին Ղուբաթլուի և Զանգելանի շրջաններին, որոնք հրադադարի համատեղ հայտարարությամբ նախատեսված չէր հանձնել Ադրբեջանին։
Նոյեմբերի 9-ի դրությամբ, երբ կողմերի սահմանն ամրագրվում էր ըստ այդ պահի դրությամբ դիրքավորման, նախկին Զանգելանի և Ղուբաթլուի մի մասը շարունակում էր մնալ մեր վերահսկողության տակ, դեռևս անհասկանալի պատճառներով հանձնվել է Ադրբեջանին։
Հանրության շրջանում կասկածներ կան, որ դրանք հանձնվել են կա՛մ գաղտնի համաձայնությամբ, կա՛մ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունեցել է գաղտնի հավելված, որի մասին հանրությանը չի տեղեկացվել։
Ի դեպ, նմանատիպ պատճառով նույն պայմաններում անհիմն ձևով Ադրբեջանին են հանձնվել նաև Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, հարավային ուղղության ռազմավարական նշանակություն ունեցող Դիզափայտ լեռը։
Դիմում եմ ԱԱԾ-ին, Գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին, Պաշտպանության նախարարին, նույնությամբ՝ Արցախի համապատասխան կառույցներին՝ պարզելու, թե ի՞նչ հանգամանքներում, ինչպե՞ս և ո՞վ է այս տարածքները հանձնել Ադրբեջանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել