Pastinfo.am-ը գրում է․

Այսօր հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենաողբերգական օրերից մեկը։ Այս մասին այսօր՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ, ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Անցնող երեսուն տարիների ընթցացքում մենք հպարտ, հզոր և հաղթող ժողովուրդ էինք։ 30 տարի անց մեկ մարդու, մեկ խելագար դավաճանի գործունեության արդյունքում մենք կորցրինք Արցախի մեծ մասը։ Այս օրերին նրա գործունեության արդյունքում մենք օրեցօր կորցնում ենք մեր պետականությունը։ ՀՀ քաղաքացինե՛ր, եթե ուզում եք ունենանք պետականություն, ձեր երեխաները ապրեն մեր հայրենիքում, եթե ուզում եք ունենալ բանակ, երկիր, հայրենիք, ուրեմն՝ եկեք այս հրապարակ։ Այսօր այստեղ է որոշվում մեր երկրի ճակատագիրը»,- ասաց նա։

Սաղաթելյանն ամփոփեց անցնող օրերում շարժման ունեցած հաջողությունները։

«Առաջինը՝ ձեր շնորհիվ ամբողջ աշխարհը տեսավ և հասկացավ, որ այս պարտությունը հայ ժողովրդի համար ընդունելի չէ։ Դուք արժանապատիվ պահեցիք հայ ժողովրդին և աշխարհին ցույց տվեցիք, որ այս ստորացուցիչ պայմանագիրը մեր կողմից երբեք չի ընդունվելու։ Երկրորդ՝ մեր գործունեության արդյունքում այս շենքում նստած խրտվիլակը օրեցօր կորցնում է իր իշխանությունը։ Իր հրաժարականի պահանջով հանդես են եկել ՀՀ նախագահը, երկու կաթողիկոսները, ԳԱԱ-ն, բազմաթիվ պետական բուհեր, մի քանի հարյուրից ավելի համայնքի ղեկավարներ, ՀԿ-ներ, գիտնականներ։ Այս մարդն այլևս իշխանություն չունի։ Մեր բոլորի պայքարի արդյունքում երեկ այս խելագար դավաճանը չկարողացավ մտնել Սյունիք։ Սյունիքը կանգուն է, որովհետև գիտի՝ իր թիկունքն ամուր է»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև անդրադարձավ այն հարցերին, թե երբ է հեռանալու Նիկոլ Փաշինյանը, որքան շուտ է հեռանալու, որ իրենք կարողանան փրկել հայրենիքը։ Նրա խոսքով՝ քաղաքացիներն այդ հարցերը տալու ամբողջ իրավունքն ունեն։

«Եթե այս մարդն ունենար արժանապատվություն, բարոյականություն, որ գիտենք չունի, մի գրամ մտածեր մեր երկրի ու պետականության համար, պետք է հրաժարական տված լիներ, բայց նա համառ է, խելագար և դավաճան, ուզում է մեր պետականությունը վերջնականապես կործանել։ Եկեք փաստենք, որ դա նրան երբեք թույլ չենք տալու»,- ընդգծեց նա։

Սաղաթելյանը վստահեցրեց, որ իրենց պայքարը վճռական է, հետևողական և աննկուն։

«Մեր պայքարը երբեք կանգ չի առնելու, այստեղից տուն չենք գնալու, քանի դեռ չենք հեռացրել գերագույն գլխավոր խրտվիլակին»,- եզրափակեց նա՝ հավելելով, որ շուտով կներկայացնի նաև շարժման հետագա քայլերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել