Նա գյուղի Մեծն է, Ապան: Կուսապատի Ապան:
Գյուղում գրեթե մարդ չկար. պատերազմ էր...
Ապան ոչ մի տեղ չէր գնացել, իր տանն էր: Լսել էր, որ իրենց գյուղում եմ, եկավ, որ ինձ տեսնի, զրուցենք: Հայացքը հպարտ էր, ազնվական: Ժպտում էր անկեղծ ու բարի աչքերով:
Գյուղի ջոկատի նախկին «կամանդիրի» ձեռքին հասարակ մահակը կայսերական գավազանի նման էր: Հաղթած էր ու ինչքա՜ն էր հաղթած:
Հարազատ անտառում կանգնած իսկական հպարտ ու ամուր կաղնի, որ գիտեր իր արմատների խորությունը:
Պատմում էր ու պատմում. վառվում էին աչքերը, երբ հիշում էր իր հաղթական ջոկատը: Ուրախ էի, ես էլ էի հպարտանում: Մի ուրիշ ձևով էր պատմում, թա՜նկ էր պատմում...
Ամեն անգամ երբ հիշում եմ նրան, ամեն ինչ նորից եմ վերապրում:
Իմ Արցախը դու ես, Ապա, ու իմ Արցախը երբե՛ք չի պարտվել:
Ես քեզ պարտք մնացի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել