Հակոբը, ինչպես հայտնի է, Իսրայելի ստեղծողն էր: Նա Սահակի որդին էր ու Աբրահամի թոռը: Հակոբ անունը եբրայերեն բառացի նշանակում է «կառչել կրունկից», սա եբրայերենում մի իդիոմա է, որը կոչված է նկարագրել խաբեբա պահվածքը: Ծննդոց գրքում նշվում է, որ Հակոբը ծնվեց իր երկվորյակ եղբայր Եսավի կրունկից կառչած: Հետևաբար առաջնեկը ու հոր սիրելի որդին Եսավն էր, որ ծնվել էր ամբողջովին մազերով պատված, հետևաբար հետագայում նա դարձավ առնական ու հզոր որսորդ (ենթադրաբար շատ բարձր տեստոստերոն ունենալու պատճառով, ինչն էլ վկայում էր մազածածկույթը): Հակոբը երկրորդն էր, մոր սիրելի որդին էր ու շատ ավելի նուրբ կառուցվածք ուներ: Ծննդոց գրքում նշվում է, որ նրանք վիճում էին անգամ մոր՝ Ռեբեկայի արգանդում, և երբ մայրը Տիրոջը հարցրեց` ինչու՞ է այդպես, Տերն ասաց. «Քո արգանդում երկու ցեղ կայ, քո արգանդից երկու ժողովուրդ պիտի ծնուի: Մի ժողովուրդը միւս ժողովրդին պիտի գերիշխի, եւ աւագը կրտսերին պիտի ենթարկուի»:

Տարիներ անց, մի «պայծառ» օր Եսավը սովատանջ վերադառնում է դաշտերից և Հակոբին խնդրում իրեն մի ափսե ապուր տալ: Հակոբը, պահից օգտվելով, Եսավին առաջարկում է մի ափսե ապուրը փոխանակել իր անդրանիկության իրավունքի, ասել է թե, հայրական ժառանգության՝ հայրենիքի հետ: Եսավը մտածելով, որ սովից մահացողին հայրենիքի ճակատագիրը չպիտի հուզի ՝ համաձայնվում է:

Այսքանով Հակոբի կոմբինացիան չի ավարտվում: Հասկանալով, որ ժառանգությունն ամեն դեպքում հայրն է փոխանցում, նա մոր խորհրդին անսալով, իր կուրացած հորը որոշում է խաբել: Հակոբը հագնում է Եսավի զգեստը, ձեռքերին գառան բուրդ է կապում (յանիմ Եսավի պես փռչոտ ա էլի) ու շատ համեղ այծի մսով ապուր պատրաստում հոր համար: Հայրը` Սահակը, ընկնելով մոլորության մեջ, օրհնում Հակոբի առաջնեկությունը: Հասկանալով, որ Եսավը, որ բռնեց, բուռն ա տալու, Հակոբը փախչում է երկրից ու 14 տարի ստրուկի պես չարչարվում իր քեռի Լաբանի մոտ: Մայրը նրան խրատում է իր ցեղից կին բերել: Լաբանն էլ Հակոբին է մի ռեյս գցում, իմիջիայլոց (դրանց մոտ ցեղական ա, ոնց որ), բայց վերջը պսակում ա իր դուստր Ռաքելի հետ (այսինքն Հակոբը քեռու աղջկանա առնում, որ մերը գոհ ըլնի):

Մի ափսե ապուրի դիմաց հայրենիք ծախելը Եսավի միակ մեղքը չէր: Համարվում է, որ դա կարելի էր ներել, աններելին այն էր, որ նա, հակադրվելով հոր խրատին, երկու այլազգի կանանց հետ է ամուսնանում, ինչը ազգի արյան մաքրությունն էր պղծում: Սա ևս մի դրվագ էր, որ կոչված էր ցույց տալ, որ թեպետ Եսավը ուղղախոս էր ու ազնիվ, այնուամենայնիվ իմպուլսիվ էր ու ոչ հեռատես: Ի տարբերություն Հակոբի, ով թեկուզ երբեմն անազնիվ քայլերի էր գնում, բայց շատ ավելի խոհեմ ու հաշվենկատ էր:

Հոր թաղման ժամանակ եղբայրները բարիշում են: Հետո էլի հագնում... ու տենց:

Այս առակն ասել կուզե՝ հայրենիք ծախողը ծախելու ա, չծախի էլ վերջի վարիանտ կպղծի: Ես իհարկե սրա հետ համաձայն չեմ, քանի որ վերջում Հակոբների ստեղծած երկիրը ավիրվում է, իսկ իր «զտարյուն» ազգը բառացիորեն վերանում է «փռչոտ» հռոմեացիքի պատճառով:

Ամեն ինչ շատ ավելի ճիշտ է լինում, երբ տնեցիք եղբայրների մեջ կռիվ չեն գցում, սիրելիներ չեն ունենում: Երբ հայրը մորը չի թողում մուտիտներ անի, կիսուրություն անի, հարսներին խանդի և այլն: Երբ փոքր ախպերը մեծին լսում ա, իսկ մեծը պետք էղած վախտ ինչքան պետք ա սոված ա մնում, ու եթե պետք ա սովից մեռնում էլ ա, բայց չի ծնկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել