Վերջերս Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչները հարցնում են, թե ինչո՞ւ ենք պահանջում հրաժարական և ոչ թե արտահերթ ընտրություններ:

Ցավոք, այդ հարցին են միացել նաև բազմաթիվ մարդիկ, որոնց ճանաչում եմ: Ճանաչելով գիտեմ, որ նրանք ոչ թե նիկոլական իշխանության քաղաքական գծի երկրպագուներն են, այլ չեն վերլուծում իրավիճակն ամբողջ խորությամբ:

Պատճառները բազմաթիվ են, այնքան շատ, որ ժամանակս չի հերիքում ցուցակագրել և հանրությանը ներկայացնել, բայց դրանցից մեկը տեսանք անցնող գիշեր:

Երկու օր առաջ, ինչպես գիտենք, ադրբեջանական կողմը վերսկսեց ռազմական գործողությունները հայկական երկու գյուղերի ուղղությամբ և, ըստ հավաստի տեղեկությունների, արդեն գրավել է այդ գյուղերը:

Այդ ընթացքում իշխանությունը զավթած Փաշինյանի մամուլի քարտուղարը նշեց, թե խնդիրն առաջին հերթին ռուսական տիրույթում է, դրանով հստակ արձանագրվեց, որ ունենք մեր պետության կորստի ամենաիրական վտանգը:

Դրան հաջորդեց ոստիկանության զորքերի՝ կազմված մի քանի հարյուր ոստիկանից, Կառավարության, Ազգային ժողովի և կառավարական առանձնատան պաշտպանությունը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, գիտակցելով, որ ժողովուրդը թույլ չի տալու հայկական գյուղերի հանձնումը և կարող է դուրս գալ փողոց՝ կանխելու դավաճանական գործարքի շարունակությունը, որոշեց հայրենիքը սիրող և պաշտպանող քաղաքացիներին ծեծել ու ձերբակալել, եթե համարձակվեն խոչընդոտել այդ գյուղերը նույնպես թուրքին հանձնելու նիկոլյան ծրագրին:

Եթե անգամ հենց այսօր դավաճան նիկոլը հրաժարական տա, ապա արտահերթ ընտրություններն անցկացնելու համար կպահանջվի մի քանի ամիս: Մենք պատրա՞ստ ենք թույլ տալու, որ այդ ամիսների ընթացքում դավաճան իշխանության պարագլուխը ոստիկանական ուժերով ժողովրդին ծեծելով ու ձերբակալելով գյուղ առ գյուղ հանձնի մեր հայրենիքը թուրքին: Ես պատրաստ չեմ, իսկ դո՞ւ: Եթե դու էլ պատրաստ չես, ուրեմն չկա այլ օրակարգ, որևէ այլ ճանապարհ, քան դավաճան նիկոլին րոպե առաջ հեռացնելն ու ազգային կառավարություն ձևավորելն է:

Հ.Գ. Սկզբում նշեցի, որ պատճառները բազմաթիվ են, մնացածին կանդրադառնամ ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել