Հոկտեմբերի 17-ին մեզ այցելեց մի լրագրող: Օրը լավ եմ հիշում, քանի որ լուր ստացանք, որ հրադադար է կնքվել: Ես ու Կոստյան լրագրողի հարցերին մոտ տասը րոպե պատասխանեցինք մի վայրում, որը ես համարեցի առավել անվտանգ: Զրույցից մի քանի ժամ անց մեզ առաջին անգամ հրետակոծեցին Սմերչով: 8 հրթիռներից մեկն ընկավ հենց հարցազրույցի վայրում ու ավիրեց այն:

Բուն հարցազրույցը հետո շատ մեծ կրճատումներով եթեր տվեցին, մեր աղջիկներն էլ այն տեղադրեցին «Ադեկվադ»-ի էջում: Երբ վերադարձանք քաղաք, մի քանի անգամ դիտել եմ այդ եթեր տրված կտորն ու փորձել եմ հասկանալ` ինչո՞ւ էին հենց այդ կտորը թողել: Այնպես չէ, որ մնացած մասերում իշխանությունների համար որևէ վտանգավոր բան կար, ընդհակառակը, պատերազմի կիզակետում ես էլ, Կոստյան էլ խոսում էինք միայն այն փաստերի մասին, որոնք պիտի վստահություն ներշնչեին: Բայց այդ ամենը կտրվեց: Կտրվածի մեջ ինձ համար ամենաուշագրավն էս կտորն էր, որն ամբողջովին համապատասխանում էր իրականությանը: Ամեն ինչ ճիշտ էի ասել, ուրիշ հարց, որ ամեն ինչ չէ, որ ասել էի: Հիմա արդեն սկսում եմ հասկանալ` ինչու դա կտրվեց:

Ամբողջ պատմությունը հետևյալն է․ 4-րդ պաշտպանական շրջանի մեր ողջ գծով պլանավորվել էր հարձակում իրականացնել: Մեզ՝ որպես կամավորների, հարցրել էինք` արդյո՞ք պատրաստ ենք գրոհին մասնակցել: Ես 14 հոգուց բաղկացած երկու ջոկ էի առանձնացրել էդ նպատակով: Գրոհը սկսեց, երեք կետից ներթափանցման փորձ էր պլանավորված: Մի ուղղությամբ տղերքը խփեցին ու մտան հակառակորդի խրամատ՝ ունենալով ընդամենը երեք թեթև վիրավոր: Երկրորդ ուղղությամբ ականազերծման հետ խնդիր եղավ, ու գրոհը կանգ առավ: Իսկ երրորդ կետում գրոհողների հրամանատարը հրաժարվեց հրամանը կատարել: Ողջ երկայնքով գրոհը տապալվեց: Այն տղաները, որ մտել էին հակառակորդի խրամատ, ստիպված հետ քաշվեցին:

Սա պատերազմի կիզակետն էր: Հակառակորդը հարավում ճեղքել, մտել էր ու բոլոր ուժերn աստիճանաբար փոխանցում էր այնտեղ, ու եթե մեզ հաջողվեր կենտրոնում առաջ գնալ, նրանք ստիպված կջլատեին իրենց ռեսուրսն ու հարավում էականորեն կթեթևանար մերոնց վիճակը:

Ու սա ընդամենը մեկ դրվագ է բազմաթիվ նմաններից: Սրան հետևում է պետական քարոզչության գրաքննությունը, որը, փաստորեն, միտված էր թաքցնելու մեր պոտենցիալը: Հրապարակավ մարդկանց կերցնում էին «հաղթելու ենք»-ը, իսկ իրականում անում էին ամեն ինչ, որ դա տեղի չունենա: Ասում եմ սա վստահությամբ, քանի որ նույն գիծը հիմա էլ է պահվում:

Հստակ միտում կա իրավիճակը ներկայացնելու շատ ավելի ծանր, քան իրականում է: Մենք, օրինակ, կորցրել ենք մեր զինուժի ռեսուրսի մոտ 15%-ը, բայց ներկայացվում է այնպես, իբր էլ զինվոր չմնաց: Առաջին դեմքը պնդում է, որ մարդիկ չէին ուզում կռվել, մինչդեռ հենց ինքն է դադարեցրել զորահավաքը: Նույն անձը պնդում էր, որ բլոկադայի պատճառով զենք հնարավոր չէր բերել, մինչդեռ զենքն առանց որևէ խնդրի անընդհատ գալիս էր հենց այն ծավալով, որով պահանջվում էր:

Ներկա պահին Արցախում կա ավելի շատ զինվոր, քան երբևէ եղել է, ու ավելի շատ զենք, քան երբևէ` թե՛ քանակի և թե՛ որակի առումով: Կեղծ է այն թեզը, որ մեր բանակը կազմաքանդված է, ու որ տարիներ կպահանջվեն այն վերականգնելու համար: Իրականում վերախմբավորումը մի քանի շաբաթվա խնդիր է:

Իսկ ամենամեծ կեղծիքն այն թեզն է, որ սա ավերիչ պատերազմ էր: Չէ´, հարգելիներս, եթե դուրս գանք մեր խիստ սահմանափակ աշխարհայացքի սահմաններից, պարզ կլինի, որ սա ընդամենը շատ փոքր ու խիստ վերահսկելի բախում էր: Բախում, որը իր մասշտաբով ավելի փոքր էր, քան, օրինակ, Առաջին չեչենականը, առավել ևս՝ երկրորդը: Ռուսաստանի Դաշնությունից պահանջվեց երեք շաբաթ, որ լիարժեք լրացնի բոլոր բացերը Արցախում: Էդ մեր «ահռելի» կորուստներն ընդամենը երեք շաբաթվա հարց էին...

Փաստացի, մենք պարտվել ենք պատերազմում, որում հաղթելը որևէ բարդություն չէր ներկայանում իրենից: Ընդ որում, կապիտուլյացիան ստորագրել ենք այն պահին, երբ հակառակորդը լրիվ սպառված էր: Մեր դիմացի խրամատներում 55-ից ջահել զինվոր չէր մնացել:

Պատերազմի չվերսկսման յուրաքանչյուր վայրկյան թշնամին վերականգնվում է, իսկ մեզ միտումնավոր սուզում են քաոսի մեջ, այդ թվում՝ նաև բոլոր նրանք, ովքեր այս իրականությունը խեղաթյուրում են՝ պնդելով, որ մենք պիտի տարիներով զարգանանք, հզորանանք, որ փորձենք հետ բերենք կորսվածը: Ժամանակը մեր օգտին չէ ոչ մի առումով: Բոլոր նրանք, ովքեր պնդում էին, որ մենք ապագայում ավելի մեծ շանս ունենք հաղթելու, քան հենց էս պահին` կա՛մ բութ են, կա՛մ սրիկա, կա՛մ էլ երկուսը միասին:

Հ.Գ. Սմերչի համազարկից հետո հատուկ դուրս եկա ու նկարեցի ավերածությունները՝ մի տեսակ չհավատալով, որ 30 հոգուց ոչ մեկ լուրջ վնասվածք չէր ստացել: Չէին հավատում դրան նաև գումարտակի շտաբում, որտեղ տեսնում էին, թե ինչ էր մեր վրա թափվում: Ճիշտն ասած` հիմա էլ հավատս չի գալիս: Մեկ-մեկ ինձ թվում ա, որ սաղս մեռել ենք, բայց մեր հոգիները դրա մասին չգիտեն, ու տենց ուրվականի պես չարչարվում ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել