Միշտ դիտարկել եմ 2016թ. ապրիլի ռազմական գործողությունները քննող հանձնաժողովը՝ որպես նիկոլական գործիք բարձրաստիճան զինվորականներին և նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներին ճնշելու համար։
Պատերազմում Ադրբեջանին պարտվելուց և Արցախը թշնամուն հանձնելուց հետո, մեջիս պարանոյիկը գիշերները չի քնում և ասում է. «Իսկ կարո՞ղ է սա որպես քաղաքական ճնշման գործիք քողարկված փայլուն հետախուզական օպերացիա էր»։
Հիմնավորումներս հնարավորինս հակիրճ եմ ներկայացնում, բոլոր լրացուցիչ հղումներն աղբյուրներին կդնեմ մեկնաբանություններով։
Սկսենք...
ՆԱԽ՝ աշխատանքի ընթացքում հանձնաժողովի անդամները, ինչպես նաև հանձնաժողովից դուրս ինչ-որ անհասկանալի մարդիկ (օր.՝ պատգամավորների ծանոթներ, ընկերներ ևն) ստացել են ահռելի քանակով գաղտնի տեղեկություններ Հայաստանի (ներառյալ Արցախի) պաշտպանության համակարգի, զինված ուժերի, դրանց թույլ տեղերի մասին։
Կարծում եք չափազանցնո՞ւմ եմ։
Կարդացեք հանձնաժողովի ստեղծման ժամանակ իրանցքայլական պատգամավորներն ինչ իրավասություններ և հետաքրքրության ոլորտներ էին ուրվագծել հանձնաժողովի համար.
«... զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, ... զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն ... ինչպես նաև հակառակորդի հարձակողական գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված հրամանատարական որոշումների օպերատիվության համարժեքության գնահատում ... »:
Հանձնաժողովի անդամները կարող էին ստանալ (և ստանում էին) հետևյալ փաստաթղթերը.
«... հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, տեղեկանքներ, կոլեգիայի և ռազմական խորհրդի հաշվետվություններ ... և այլն»։
Օրինակ՝ Սերժ Սարգսյանը, խոսելով հանձնաժողովի աշխատանքի մասին, ասում է. «թերացումների ու դասերի վերաբերյալ առկա է ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ հույժ գաղտնի զեկույցը, որը ենթադրում եմ՝ հասանելի է եղել նաև հանձնաժողովի անդամներին»։
Եւ այո, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը որոշ ժամանակ անց հաստատում է, որ այդ հույժ գաղտնի զեկույցն իրենց հասել է, կարդացել են։
Ավելին՝ նույն մարդը ասում էր նաև, որ չնայած գաղտնիության, բայց զոհվածների ծնողներին հնարավորություն կտան ծանոթանալու [էն որ մտածում ես՝ սրանք գժվե՞լ են]։
Ավելին. բացի գաղտնի փաստաթղթերից, բազմաթիվ զգայուն կամ գաղտնի տեղեկություններ ստացվում էին նաև բարձրաստիճան զինվորականներին և պաշտոնյաներին հանձնաժողովում հարցաքննելու ժամանակ։
ԵՐԿՐՈՐԴԸ՝ առնվազն 2 դեպք կարող եմ նշել, որ այդ նյութերից գոնե մի մասը երրորդ անձանց հասու է եղել, օրինակ՝ հանձնաժողովի անդամ չհանդիսացող Արման Բաբաջանյանի (!!!) օգնականին, օրինակ՝ Քոչարյան Անդրանիկի հին ընկեր ու նախկին շեֆ Վաղարշակ Հարությունյանին, ով այդ պահին որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում և ընդամենը մասնավոր անձ էր։
ԵՐՐՈՐԴԸ՝ հանձնաժողովի անդամներին էլ լիքը հարցեր կան իրենց կասկածելի կապերի և լրջության մասով։
Օրինակ՝ ի՞նչ եք կարծում, կարելի՞ է Սիփան Փաշինյանին վստահել գաղտնի տվյալներ Հայաստանի զինված ուժերի և պաշտպանության համակարգի մասին։
Կարելի՞ է ռազմական և պետական գաղտնիքներ վստահել իրանցքայլական Քրիստինե Պողոսյանին, ով հայտնի է Նիկոլին արված հանրային խոստովանությամբ. «... եթե անգամ Դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ մեկ նախադասություն՝ ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու, ես վստահելու էի ձեզ ու կողմ էի քվեարկելու»։
Կարելի՞ է վստահել տարիներով սորոսական ծրագրերին մասնակցած ու նաև Արման Բաբաջանյանի 1in.am-ում աշխատած Արեն Մկրտչյանին։ Ի դեպ, Արենի մասին լսել եմ, որ ԵԿՄ-ին մահացու հարված հասցրած այն հայտնի «տուշոնկագեյթի» ֆիլմի հեղինակը հենց ինքն է։ [Ընդ որում գեներալ Մանվելին երբեք այդպես էլ մեղադրանք չներկայացվեց տուշոնկա գողանալու թեմայով, այսինքն զրպարտություն էր]։
Ի դեպ, «սորոսական» թևից նաև Դանիել Իոաննիսյանի ակտիվությունն էր հետաքրքիր այս թեմայով...
Բացարձակապես չեմ զարմանա, եթե մի օր պարզվի, որ այդ գաղտնի տվյալները ստացած մարդկանցից ոմանք հավաքագրած են եղել Թուրքիայի, Ադրբեջանի կամ ոչ բարեկամ որևէ այլ երկրի հետախուզությունների կողմից։
Անհավանակա՞ն է թվում։
Հաշվի առնելով Նիկոլի նշանակած թրաշամանուկի աղետալի ներկայությունը ԱԱԾ-ի պետի պաշտոնում (ում ստիպված եղան պաշտոնից հանել պատերազմի ամենաթեժ օրերին)՝ ինձ այդ տարբերակը բացարձակապես անհավանական չի թվում։
Փնթիության ու բառադիության գործոնն էլ դե չասեմ։
Ընդ որում հաշվի առեք, որ 1 տարի աշխատելուց հետո այդ հանձնաժողովն այդպես էլ ոչ մի ամփոփիչ փաստաթուղթ չհրապարակեց, էլ չասեմ՝ միջանկյալ փաստաթղթեր, թեպետ կարծես թե խոսք եղել էր ինչ-որ «փուլային զեկույցների» մասին։
Չգիտեմ դուք ինչպես, բայց ես բացարձակապես չեմ զարմանա, եթե 20–30–40 տարի հետո պարզվի, որ Թուրքիայի հատուկ ծառայությունների դասագրքեր ապրիլյան ռազմական գործողությունները քննող հանձնաժողովը մտել է՝ որպես Հայաստանի դեմ փայլուն հետախուզական օպերացիայի օրինակելի նյութ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել