Amerikaidzayn.com-ը գրում է․

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումների հիմնական բանախոսն էր: Լսումներին անդրադարձ եղավ նաև ԼՂ հակամարտությանը

Պատասխանելով սենատոր Բեն Քարդինի հարցին ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված կացության մասին՝ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատեց, որ Վաշինգտոնը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը ղարաբաղյան հակամարտության գոտում և խորապես ցավում մարդկային կյանքի կորուստների վերաբերյալ, ներառյալ բազմաթիվ խաղաղ բնակիչների: Մարդկանց կյանքերը հնարավոր չէ վերադարձնել, նշեց Ռիկերը:

՛՛Մենք շարունակում ենք շեշտել, որ այդ երկարատև հակամարտությունը չունի ռազմական լուծում: Գոյություն ունի մարմին՝ Մինսկի խումբն ու համանախագահները, որոնք կոչված են օգնելու երկու կողմերին, այսինքն` Հայաստանին և Ադրբեջանին, գտնել հակամարտության կարգավորումը: Վերջին մոտ 30 տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ մոտ էինք խաղաղության հաստատմանը: Ես հիշում եմ իմ կարիերայի սկզբին, երբ մենք Մինսկի խմբի համանախագահության առաջատար դիրքում էինք և ակտիվ բանակցություններ էինք վարում 2000- 2001 թթ.-ին Քի Ուեսթում: Մենք իսկապես մտածում էինք, որ մոտ ենք կարգավորմանը կամ համարյա այնտեղ ենք: Սակայն դա դարձավ պատրանք՛՛,- ընդգծեց Ռիկերը:

Նա կարևորեց Մինսկի խմբի ու համանախագահների դերը վերջին երեք տասնամյակում փխրուն խաղաղության պահպանման հարցում: Նրա կարծիքով դրա շնորհիվ հնարավոր եղավ խուսափել բռնության այնպիսի դրսևորումներից, որոնք գրանցվեցին վերջին շրջանում:

՛՛Մենք շարունակում ենք հավատալ, որ այստեղ երկարաժամկետ ռազմական լուծում չկա: Տասնամյակներ առաջ Հայաստանի հաղթանակը ռազմի դաշտում վերջ չդրեց հակամարտությանը: Մենք փորձեցինք դիվանագիտության միջոցով հեռու պահել կողմերին բռնությունից: Կասկածում եմ, որ ռազմական լուծումը կարող է այս անգամ ևս ուրիշ արդյունք գրանցել՛՛,- նշել է Ռիկերը:

Նա շեշտել է՝ կարգավորմանը պետք է հասնել բանակցությունների սեղանի շուրջ՝ ընդգծելով, որ համանախագահներն այս հարցում լավագույն միջնորդներն են: Մենք աշխատում ենք մյուս համանախագահ երկրների ՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ, ասել է պետքարտուղարի տեղակալը:

՛՛Դեռ շատ հարցեր ունենք Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, այստեղ Թուրքիայի դերակատարության մասին: Չափազանց մտահոգված էինք և հայտնել ենք մեր մտահոգությունները Թուրքիայի դերի վերաբերյալ այստեղ տեղափոխված օտարերկրյա զինյալների և տրամադրվող զենք զինամթերքի վերաբերյալ քննարկումներին՛՛,- ընդգծել է Ռիկերը:

Նա հայտնել է, որ այս հարցերը շարունակում են մտահոգել Վաշինգտոնին և գտնվում են Թուրքիայիև Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի երկխոսության օրակարգում: Նա տեղեկացրեց, որ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը, ով այդ պահին Ժնևում էր Վրաստանի հետ կապված գործընթացի շուրջ հանդիպմանը մասնակցելու համար, շաբաթվա վերջում նախատեսում է մյուս համանախագահների հետ մեկնել Բաքու և Երևան, ուր կքննարկվեն խաղաղ գործընթացի վերականգնման և դիվանագիտական հարթակ վերադառնալու հարցեր: Մենք ուշադրությամբ կհետևենք այս գործընթացին և կշարունակենք բարձրացնել այս հարցերը այլ երկրների հետ քննարկումների ժամանակ, ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը:

՛՛ԵԱՀԿ-ն այս առումով ճիշտ հարթակ է: Մենք պարզապես կարող ենք հուսալ, որ տևական խաղաղության կհասնենք, որպեսզի ստիպված չլինենք ականատես լինելու մարդկային նոր կորուստների և քաղաքացիական բնակչության տառապանքների, որոնք գրանցվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում՛՛,- նշել է Ռիկերը:

Ռիկերը տեղեկացրեց, որ ԱՄՆ միջոցներ է հատկացնում՝ փորձելով օգնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Նա խոստացավ այս հարցի վերաբերյալ սերտ կապ պահպանել ամերիկացի օրենսդիրների գրասենյակների և Հելսինկյան հանձնաժողովի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել