Հերթական կեղծիքը։ Դավադիր ամուսիններին և նրանց հանցակիցներին արդարացնելու նպատակով տարածված միակ փաստարկը կեղծիք է և սուտ: Այն հետևյալն է․ «...Եթե հայտարարությունը հայկական կողմը չստորագրեր, և պատերազմը չդադարեր, ապա մեր զինվորները կշարունակեին զոհվել, և հետևաբար, ապրի վարչապետը»:
Արցախում ողջ մնացած բոլոր զինվորականների հարգարժան հարազատներին ու ծնողներին պետք է անհապաղ տեղեկացնել, որ իրենք հերթական անգամ խաբված են և հավատացել են դավադիրների հորինած հերթական ստին ու կեղծիքին:
Իրողությունը լրիվ այլ է: Փաստերը հակառակն են ապացուցում: Իսկ փաստերը հետևյալն են․ դավադիր ամուսինները և իրենց հանցակիցները երբեք չեն ցանկացել կանգնեցնել պատերազմը, երբեք և ոչ մի դեպքում:
Պատերազմի երկրորդ օրվանից սկսած պարզ դարձավ, որ Արցախի պաշտպանության հիմնական համակարգերը շարքից դուրս են եկել (թե ինչու և ինչպես` առանձին քննության հարց է), և ամեն ինչ արվում է պատերազմը տանուլ տալու համար: Այդ ընթացքում պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի բոլոր ջանքերն ու առաջարկները հայկական կողմից փաստացի մերժվեցին:
Պատճառը պարզ է. դավադիր ամուսինները և իրենց հանցակիցներն ամեն ինչ անում էին, որպեսզի թուրք-ադրբեջանական տանդեմը գրավեր Ստեփանակերտը և ամբողջ Արցախը` բնականաբար, այդ ընթացքում տալով տասնյակհազարավոր նոր զոհեր:
Ռուսաստանի նախագահը, տեսնելով և համոզվելով, որ այդպիսի հրեշավոր պլան է իրագործվում, մանավանդ Շուշին դավադրաբար հանձնելուց հետո, օգտագործելով իր ազդեցությունը, անմիջապես կանգնեցրել է պատերազմը և ստիպել է, որ կողմերը հայտարարություն ստորագրեն: Պարզագույն ու պարզունակ տրամաբանությունը հաստատում է, որ մեր զինվորականների կյանքը փրկել է այն, որ Ռուսաստանի համար անընդունելի էր Արցախի ամբողջական գրավումը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: Հետևաբար Ռուսաստանը, գործադրելով իր ազդեցությունը, կանգնեցրեց պատերազմը:
Այնպես որ մեր հարգելի հայրենակիցներին պետք է տեղեկացնել, որ իրենց որդիների, եղբայրների և ամուսինների կյանքը փրկել է ոչ թե դավադիր վարչապետը, այլ Ռուսաստանի Դաշնության նախագահը` ելնելով նաև Ռուսաստանի շահերից:
Իսկ դավադիր ամուսինները լրիվ այլ նպատակ են ունեցել` հանձնել Արցախն ամբողջությամբ և զոհաբերել այնտեղ ծառայող բացառապես բոլոր զինվորականներին: Դրանից անմիջապես հետո իրենք հրահրելու էին հակառուսական ցույցեր և ստիպելու էին ռուսական կողմին դուրս հանել ռազմաբազան։ Հակառակ դեպքում պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի կողմից մինչ այդ արված բազմաթիվ առաջարկները կընդունվեին, պատերազմը կավարտվեր շատ ավելի շուտ, և այդքան զոհեր ու վիրավորներ չէինք ունենա:
Եվ սա այլևս փաստ է...
Հ.Գ. Կասկած չունեմ, որ շատ շուտով վերը նշվածը կապացուցվի նաև քննությամբ և ի հայտ եկող տարբեր փաստերով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել