Yerkir.am-ը գրում է․

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ տեղի է ունեցել Հանրային խորհրդի փակ նիստ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, որի ընթացքում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը, որն Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, մեկնել էր ռազմաճակատ, Փաշինյանին ասել է, որ նա ոչ թե ժողովրդի, այլ ֆեյքերի վարչապետն է, կամ հենց ֆեյք վարչապետ է։

Yerkir.am-ի հետ զրույցում Գագիկ Գինոսյանն ասաց, որ հայրենիքի դավաճանության փաստի մասին խոսելիս Փաշինյանին հիշեցրել է Սյունիքում իրարից ոչ հեռու ամփոփված երկու շիրիմների մասին՝ Մխիթար Սպարապետի և դավաճան Մելիք Ֆրանգյուլի, որի դավաճանությամբ ընկավ Սյունիքը, և գլխատվեց Սպարապետը. «Մխիթար Սպարապետի գերեզմանին երդվում են հայրենիքին ծառայելու համար, իսկ Մելիք Ֆրանգյուլի ժառանգներին արգելված է ցանկապատել նրա շիրիմը, որպեսզի բոլորը կարողանան իրենց բնական կարիքները հոգալ դավաճանի գերեզմանին»։

Գինոսյանն ասաց, որ Փաշինյանին առաջարկել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ փոխանակել ՀՀ կառավարության ողջ կազմը, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը: «Այդ քայլով, վերջապես, մեր զինվորները կազատվեն ադրբեջանական կտտանքներից, իսկ իշխանությունը, որը զրկեց մեզ հաղթանակի շքերթից, հնարավորություն կունենա մասնակցելու Բաքվում տեղի ունենալիք հաղթանակի շքերթին՝ թեկուզ ռազմագերու կարգավիճակում»,- նշեց նա: 

Ըստ Գագիկ Գինոսյանի՝ պատերազմում պարտվել է ոչ թե ժողովուրդը, այլ ղեկավարությունը: «Դասալիքը Դուք եք, որ չկարողացաք ճիշտ կազմակերպել պատերազմը: Հայ զինվորը հաղթել է, պարտվել է բանակի ղեկավարությունը։ Հայ ժողովուրդը հաղթել է, պարտվել է Հայաստանի կառավարությունը», - Փաշինյանին դիմելով՝ հայտարարել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել