«Ըստ ամենայնի, վարչապետը գիշերային մղձավանջներ չի ունենում և նահատակների արյունը երազներում չի տեսնում: Պաշտոնյաներ է նշանակում-հանում, իրենց առաջ ինչ-որ նպատակներ է դնում, հանդիպումներ է ունենում, հարցազրույցներ է տալիս:

Իշխանավորները, անգամ այն դեպքում, երբ իրենց ժողովրդի գլխին մեծագույն աղետ են բերում, սովորաբար խղճի որևէ խայթ չեն ունենում և իրենց համար արդարացումներ են գտնում՝ շարունակելով ապրել սարսափելի մեղքերը շալակած: Տրամաբանությունը, որքան հասկանում եմ, հետևյալն է. եթե տարբերակ կա աթոռս պահելու, ինչո՞ւ չպահեմ, ի՞նչ է, մեկը կա՞, որ ինձնից լավ է կառավարելու: Այս պարագայում՝ քանի որ քաղաքացիների մեծամասնությունը չի վստահում վարչապետի հրաժարականը պահանջող կուսակցություններին, ուրեմն, ըստ աթոռապաշտների, հրաժարականի հասարակական պահանջ չկա:

Իսկ ինչպե՞ս իմանալ՝ կա, թե չկա: Ֆեյսբուքում օգտատերերի կեսը գտնում է, որ 2,5 տարվա, այդ թվում՝ պատերազմի ընթացքում կառավարությունը հրաշալի է աշխատել, իսկ «Նիկոլը մեր աստվածն ա, մեր թագավորն ա»: Մյուս կեսը դրա հետ համաձայն չէ: Բայց արձանագրենք, որ առաջին խումբը (այսինքն՝ վարչապետի «ֆան-ակումբը» և ֆեյքերը) ավելի լավ են կազմակերպված, քան մնացածները: Սոցիոլոգիական հարցման համաձայն, Փաշինյանն ունի մոտավորապես 30 տոկոսանոց վարկանիշ: Բայց դա, հավանաբար, չի նշանակում, որ մնացած 70 տոկոսը պահանջում են վարչապետի հրաժարականը: «Իմ քայլի» պատգամավորները նույնպես ներկա իրավիճակի հետ կապված հոգեկան մտատանջություններ չունեն և խրոխտ կեցվածքով հայտարարում են՝ «մենք մեր աթոռներից կառչած չենք՝ եթե ժողովուրդը պահանջի, մենք կգնանք»: Ժողովրդի կամքը կարող է արտահայտվել արտահերթ ընտրություններով (եթե չկեղծվեն), բայց իշխանությունը դրան դեմ է, և այդպիսով իրավիճակը դառնում է փակուղային»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել