Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով  իր վեցամսյա «ճանապարհային քարտեզի» մասին, ու նաև նշելով, որ կամփոփի այն ու կներկայացնի կատարողականը, խոսք անգամ չասեց, որ դրանից հետո հրաժարական կտա, այլ հավանաբար մեկ այլ 15 կետանոց «ճանապարհային քարտեզ» կներկայացնի գուցե հիմա էլ մեկ տարվա կատարման համար, ու այդպես կձգի մինչև պաշտոնավարման ավարտը՝ 2023 թվական։ Սա, իհարկե, մարտահրավեր է հասարակությանը, եթե չասենք՝ ապտակ, կենդանի դասականի խոսքով ասած․ «Տղա եք, մի թողեք»։ Մինչ վարչապետի այս հայտարարությունը պարզ էր, որ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը չի պատրաստվում վարչապետին անվստահություն հայտնել, ուստի այս իրավիճակում անիմաստ է ժամանակ ծախսել՝ Փաշինյանին ամոթանք տալով դրդելու հրաժաւևականի, կամ էլ նրա պատգամավորներին ամոթանք տալով դրդելու նրան անվստահություն հայտնելուն։ Եթե չկա հանրային ճնշում, ուրեմն չկա ո՛չ հրաժարական, ո՛չ էլ անվստահություն հայտնել։

Փաշինյանը Հայաստանի նախկին ղեկավարներին մեղադրում էր Ռուսաստանի կամակատարը լինելու մեջ, որ նրանք լեգիտիմ չէին ու միայն մեր ռազմավարական դաշնակից պետության աջակցությամբ էին կարողանում պահել իրեն աթոռը։ Թե որքանով էր այդ պնդումը ճիշտ կամ սխալ, չեմ մեկնաբանի, դա այլ քննարկման թեմա է, ուղղակի նշենք, որ հիմա Փաշինյանը լեգիտիմության այնպիսի ցածր մակարդակ ունի, որ ստիպված է ամեն ինչ անել, որ ՌԴ նախագահն իրեն երաշխավոր կանգնի։ Փաստորեն, Փաշինյանը նախկիններին մեղադրում էր, թե ՌԴ-ն ինչ ուզում էր նրանցից, ստանում էր, մինչդեռ այսօր Փաշինյանից կարելի է ստանալ այն, ինչ նախկինում ոչ մեկի մտքով չէր կարող անցնել: Ու եթե Փաշինյանն աթոռին մնալով այն երաշխավորն է, որ այս խայտառակ փաստաթուղթն իր ժամանակացույցով կյանքի կկոչվի, ուրեմ կարելի է կարծել, որ նրան ամեն գնով կպահեն իր պաշտոնին՝ որպես այդ խայտառակության «ճանապարհային քարտեզի» կյանքի կոչելու երաշխավոր։ Բայց մեր ժողովուրդը ցույց է տվել, որ երբ իշխանավորն իրեն ապահով է զգում ու կարծում է, որ իր աթոռին ոչ մի վտանգ չի սպառնում, այդժամ փողոց են լցվում ու տապալում նրան՝ հստակ հասկացնել տալով ի լուր աշխարհի, որ եթե ժողովուրդը չհանդուրժի նրա գոյությունը, ո՛չ Պուտինը, ո՛չ Ալիևը, ո՛չ էլ անգամ Էրդողանը չեն կարող փրկել Փաշինյանին։

Գուցե Փաշինյանի դեմ այսօրվա պայքարն արդյունավետ չէ, գուցե կա դրա համար նաև հիմնավոր պատճառ։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ այսպիսի փաստաթուղթ նա կստորագրեր, որ մի հատ էլ լավ նախապատրաստվեին, իսկ ով էլ իմացել է, որ պահին իմացել է, միայն կարող էր տագնապ հնչեցնել, հո սառնասրտորեն չէ՞ր դնելու, Փաշինյանին հեռացնելու «ճանապարհային քարտեզ» նախագծեր, հայրենիք ենք կորցնում, տարերային քայլեր էլ կլինեին, էմոցիոնալ պոռթկումներ էլ, անկազմակերպ ակցիաներ էլ, որից էլ սառնասրտորեն օգտվում են իշխանությունները, որոնք մինչև ստորագրելն արդեն պատրաստվել էին իրենց դեմ պայքարին, այլապես չէին ստորագրի։

Եվ ինչպես պատերազմի ժամանակ հասկացանք, որ մեր դեմ կռվում է ոչ միան Ադրբեջանը, այլև Թուրքիան ու միջազգային ահաբեկիչները, նույնպես էլ հիմա պետք է հասկանանք, որ իր աթոռին Փաշինյանին պահում են ոչ միայն «Իմ քայլի» պատգամավորները, ոչ միայն Հանրապետության հրապարակում հավաքված նրա աջակիցները, այլև մեր թշնամիներ Ադրբեջանն ու Թուրքիան ու նաև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որպեսզի չխախտվի իրենց մեջ ձեռք բերված պայմանավորվածությունը, ուստի այս նոր երևան եկած հանգամանքը հաշվի առնելով է պետք մշակել պլան՝ Փաշինյանին օր առաջ հեռացնելու, իսկ դրա համար, որքան էլ ծանր է այս էմոցիոնալ ֆոնին սառնասրտորեն արդյունավետ պլան մշակել, պետք է դա անել, այլապես մենք կկորցնենք նաև Հայաստանը ու դրանով մեր իսկ ձեռքով կլուծենք հայկական հարցը, իսկ եթե հաջողվի փրկել Հայաստանն ու հզորացնել, շանս կունենանք վերադարձնելու թե՛ մեր կորցրածը ու թե՛ մի բան էլ ավելին, այս խառը աշխարհն ու մեր բարդ տարածաշրջանը մեզ նման շանս տալիս է, մնում է՝ մենք մեր քայլն անենք ճակատագրին ընդառաջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել