Amerikayidzayn.com-ը գրում է․

Եռակողմ հրադադարի կնքումից հետո, Մինսկի խմբի համանխագահների ձևաչափի ապագան շարունակում է մնալ կարևոր հարցերից մեկը: Հետագա միասնական հնարավոր ջանքերի շուրջ քննարկումներ տեղի ունեցան Մոսկվայում։ 

ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչն այսօր կրկին վերահաստատել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է մնում, ֆրանսիացիների հետ միասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին ԼՂ խաղաղ կարգավորման հարցում:

«Մենք կշարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ»,- ասել է պետքարտըուղարության բարձրաստիճան դիվանագետը: Բացի այդ, այս օրերին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով այցով գտնվում էր Վրաստանում, տեղի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում շնորհակալություն է հայտնել Վրաստանին` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի ձևաչափին աջակցելու համար:

Այդ ընթացքում Մոսկվայում ընթացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունները ԼՂ հակամարտության վերաբերյալ: ՌԴ արտգործնախարարությունը հայտնում է, որ այս հարցով համանախագահների հետ հանդիպում է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, քննարկվել է ԼՂ-ում և նրա շուրջը տիրող իրավիճակը հրադադարի հաստատումից հետո, ինչպես նաև համանախագահող երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցեր:

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիկը ընդգծում է՝ ակնհայտ է, որ այս հրադադարի գործընթացն առաջնորդում էր Ռուսաստանն ի դեմս իր արտգործնախարար Լավրովի, ով, ըստ նախկին համանախագահի, չափազանց լավ տիրապետում է այս հակամարտությանն ու տարածաշրջանի խնդիրներին:

«Ցավալի է, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները փաստորեն դուրս են մնացել այս զարգացումմներից, բայց դեռևս ուշ չէ: Խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում պետք է երաշխավորի ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև միջազգային հանրությունը, և դա ներառում է ԵԱՀԿ-ն և Մինսկի խումբը»,- կարծում է նա:

Նախկին համանախագահը նշում է, որ կորոնավիրուսի համավարակն ու ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները հանգեցրեցին Վաշինգտոնի ավելի պասիվ դերին: Բացի այդ, մի շարք հանգամանքներ, ներառյալ աշխարհագրական, նպաստեցին Մոսկվայի ակտիվությանը և հրադադարի հաստատմանը: Եթե Մոսկվան դա չաներ, վստահ չեմ, որ հրադադար հաստատվեր, ասում է Ուորլիկը: Այսուհանդերձ նա կարևորում է ապագայում համանախագահների դերն ու ԵԱՀԿ ներգրավվածությունը ԼՂ հարցում:

«Մենք ունենք համաձայնագրի շրջանակ, որի մանրամասները պետք է ճշգրտվեն: Կարևոր է, որ միջազգային հանրությունը շարունակի իր ներգրավվածությունը»,- ասում է նախկին համանախագահը:

Բանակցային նոր գործընթացում անհրաժեշտ է կենտրոնանալ կարգավորման բազմաթիվ դետալների վրա, նշում է Ուորլիկը, որոնցից է հատկապես ԼՂ կարգավիճակը, որի շուրջ պետք է համապարփակ քննարկում անցկացնել: Դեսպանի մատնանշած այլ խնդրրների շարքում են փախստականների, ապառազմականացման, ականազերծման, հրադադարի հայտարարության մեջ նշվող Նախիջևանի միջանցքի հետ կապված բազմաթիվ հարցեր: Նա կարևորում է ենթակառուցվածքների վերականգնումը՝ հիշատակելով իր համանախագահության օրերին ակտիվորեն քննարկվող երկաթուղային կապի վերականգման նախագիծը, որն, ըստ նրա, պետք է քննարկել բանակցային սեղանի շուրջ:

Ամերիկացի նախկին ժամանակավոր համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդի կարծիքով էլ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շուրջ դեռևս առկա է անորոշություն:

«Մինսկի խմբի ապագան, այս պահին կարծես կախված է օդում»,- ասում է նա:

Տեղի ունեցած զարգացումներն ու նոր իրավիճակի հաստատումը նրա կարծիքով կտրուկ փոխեցին հակամարտության գոտու պատկերը, սակայն այդպես էլ չկարգավորեցին հակամարտությունը:

«Ցավոք սրտի, ես չեմ կարծում, որ դա կարող է ապահովել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն, քանի որ գոյություն չունի համապարփակ վերջնական կարգավորում ԼՂ-ի կարգավիճակի շուրջ»,- ասում է Հոգլանդը:

Անդրադառնալով Թուրքիայի դերին տարածաշրջանում` նախկին դեսպանը կարծիք է հայտնում, որ Ադրբեջանը կպահպանի իր անկախ դերակատարումը Թուրքիայից, քանի որ հետխորհրդային երկրների համար անկախությունը չափազանց կարևոր արժեք է: Էրդողանին, իհարկե, չի հաջողվի վերականգնել Օսմանյան կայսրությունը, այնպես, ինչպես Պուտինը չի կարող վերականգնել Խորհրդային Միությունը, շեշտում է Հոգլանդը՝ ընդգծելով, որ այսօր տարածաշրջանում առկա են երկու հզոր խաղացողներ, որոնք պայքարում են ազդեցության գոտիների համար: Նա կարծում է, որ Կրեմլի հաշվարկներն ուղղվածն են նրան, որ Թուրքիան չստանա ավելին, քան արդեն ստացել է այս հակամարտությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել