Ժամանակին մի ընկեր ունեի՝ խելոք խոսք էր ասում։ Թե չեմ սխալվում, վերջերս էլի էմ մեջբերել։ Ասում էր. «Պարտությունից վատ ի՞նչ կարող է լինել։ Միայն կապիտուլյացիա»։

Քանի օր շարունակ ուշադիր հետևում եմ Արցախում տեղի ունեցող զարգացումներին ու ցավալիորեն էլ ավելի համոզվում վերոնշյալ մտքի ճշմարտության մեջ։ Հիմա ցավոտ բան պետք է ասեմ, բայց մտածում եմ, որ այս պատերազմի ելքը պատմական հեռանկարի տեսակետից ավելի դրական կլիներ, եթե, օրինակ, ադրբեջանցիներին նույնիսկ Ստեփանակերտը գրավել հաջողվեր, բայց այդ չարաբաստիկ փաստաթուղթը չստորագրվեր։

Հասկանու՞մ եք, ավելի լավ է մեզ միայն Քարվաճառը մնար կամ, օրինակ, Քաշաթաղը, քան կապիտուլյացիայի ահա այս թուղթը։ Որովհետև այդ դեպքում հայրենիքը վերականգնելու, կորցրածը ետ բերելու մեր ապագա պայքարը հասկանալի ու ընդունելի կլիներ աշխարհի համար։ Իսկ կապիտուլյացիայից հետո՝ երբեք։ Դեռ ավելին՝ հիմա մեզ արդեն մեղադրում են նաև 25 տարիների «օկուպացիայի համար»։

Բայց դա դեռ ամենակարևորը չէ։ Վատագույնն այն է, որ մեզ ստիպում են առանց կռվի հող հանձնել։ Ասենք Քարվաճառը, որի պաշտպանները հիանալի են կատարել իրենց գործը։ Ահա այդ հերոսները, որ կյանքի գնով պաշտպանել են հայրենիքի իրենց վստահված հատվածը, վաղը ստիպված են լինելու լքել իրենց դիրքերը։ Լքել իրենց օջախները, ծնողների շիրիմները, սրբատեղիներն ու վանքերը։ Իրենք չեն պարտվել, բայց իրենց ստիպում են սպիտակ դրոշ պարզել ու վիզը ծուռ հեռանալ։ Պատկերացնու՞մ եք, թե դա ինչ է։

Ես չգիտեմ մեզ քանի տասնամյակ պետք կգա այս խայտառակությունը հաղթահարելու համար։ Ազնիվ խոսք, չգիտեմ։ Գնաց ու իրա չորացած ձեռքով ոչ միայն մեր երխաներին, այլև թոռներին ու ծոռներին անելանելի իրավիճակում դրեց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել