Մի պահ տեղափոխվենք այս տարվա սեպտեմբերի 21, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Հայաստան 2050» իր ծրագիրը, իսկ պատերազմին մնում էր ընդամենը 6 օր։

Ըստ այդ հեքիաթային ծրագրի՝ 30 տարուց Հայաստանի բնակչությունը պիտի դառնար 5 մլն, ստեղծվեր 1,5 մլն նոր աշխատատեղ, 20 անգամ ավելացվեր ՀՆԱ-ն, կյանքի սպասվող տևողությունը՝ 90 տարի և այլն, և այլն... Իբր հենց այդպիսին էր տեսնում ապագա Հայաստանը Նիկոլ Փաշինյանը։

Այս օրը Հայաստանի ղեկավարությունը չէր կարող չհասկանալ, որ Ադրբեջանի հետ պատերազմին հաշված օրեր են մնում (նույնիսկ Ռազմինֆոյում էինք դա հասկացել՝ հիմնվելով բացառապես բաց աղբյուրների վրա)։

Այնուամենայնիվ, Նիկոլն այդ օրը լիովին նվիրվեց տոնախմբություններին, որից ամբողջ 1,5 ժամ ծախսեց ծրագիրը ներկայացնելու վրա...

Բայց ամենակարևորը նոր եմ նկատում...

Մեկ և կես ժամ խոսելով ապագա Հայաստանից՝ Նիկոլը հիշատակեց Արցախը ՄԻԱՅՆ 1 ԱՆԳԱՄ, այն էլ՝ մեղադրանքներից պաշտպանվելու համատեքստում։ Ահա այդ հատվածը (57:20 – 58:03)․

«Իմիջիայլոց, տեղեկատվական պաշտպանությունը շատ կարևոր է։ Էսօր մեր հանրությունը շատ խոցելի է։ Օրինակ՝ կարող ա մեկը դրսից նպատակով ասել․ «Գիտե՞ք ինչ, ծախել են Ղարաբաղը»։ Ասենք՝ մեկն ինչ-որ տեղից՝ մի հատ օտար երկրից, «հավաստի աղբյուրներից», և Հայաստանում փոթորիկներ կբարձրանան։ Ո՞նց, էդ ո՞վ, ո՞րտեղ, ե՞րբ, ինչի՞։ Եվ 21-րդ դարում հատկապես տեղեկատվական անվտանգությունը չպետք ա անտեսել, և մենք էսօր տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում ա տեղեկատվական պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի ներսում գտնվող հիմա արդեն հայտնի որոշակի շրջանակների միջոցով»։

Արցախի այլ հիշատակում այդ ելույթում չնկատեցի։ Եթե բաց եմ թողել, խնդրում եմ՝ մատնանշեք (ելույթի հղումը՝ ստորև)։

Այսինքն՝ պատերազմը սկսվելուց 6 օր առաջ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ապագա Հայաստանի իր տեսլականը, և այդ տեսլականում Արցախ ուղղակի չկար։

Միակ հիշատակումը Ղարաբաղը ծախելու մեղադրանքներից պաշտպանվելու հարցով էր։

Եզրակացություններն ինքներդ արեք...

Պրեզենտացիայի տեսագրությունը՝ 1 ժամ 33 րոպե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել