2019-ի ապրիլի 8-ին ԱԺ-ում լրագրողների հետ խոսելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախյան հարցի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսում է նոր կետից. «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից: Սա շատ կարեւոր է»։

Այսօր՝ 1 տարի ու 7 ամիս անց, տեսնենք, թե ուր հասան Նիկոլ Փաշինյանի՝ «նոր կետից սկսած» բանակցությունները։

Հիմնվում եմ ՀՀ վարչապետի կայքում հրապարակած ռուսերեն փաստաթղթի վրա, որի տակ նա, Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը դրել են իրենց ստորագրությունները։

Բլա-բլա-բլաները բաց եմ թողնում, միայն այն, ինչ ամենակարևորն եմ համարում...

Ըստ ՀՀ վարչապետի կայքում հրապարակած հայտարարության տեքստի.

...

Կետ 2 և 6. Մինչև նոյեմբերի 15-ը (մոտակա 5 օրում) հանձնում ենք Ադրբեջանին Քարվաճառի շրջանը, Աղդամի շրջանը՝ մինչև նոյեմբերի 20-ը (մոտակա 10 օրում), մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը։ Լաչինի «միջանցքը» մնում է 5 կմ լայնությամբ, բայց չպիտի անցնի Շուշիով։

3. Շփման գծում և Լաչինի մայրուղու վրա տեղակայվում են 1960 հոգի ՌԴ «խաղաղապահներ», միայն հրազենով, առանց հրետանու, առանց ՀՕՊ միջոցների և ծանր զրահատեխնիկայի։ Այդ մայրուղու վրա հայկական որևէ ուժերի տեղակայման մասին որևէ տեղեկություն տեքստում չկա։

4. Խաղաղապահները կմնան 5 տարի, եթե կողմերից մեկը դեմ չլինի, ապա ևս 5 տարով կերկարաձգվի իրենց ներկայությունը։ Եթե դեմ եղավ, ապա խաղաղապահները պիտի դուրս բերվեն։

Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է։

7. Ադրբեջանցիները կարող են վերադառնալ իրենց հին բնակության վայրերը Լեռնային Ղարաբաղում (օրինակ՝ Ստեփանակերտ, Կրկժան, Մալիբեյլի, Խոջալի ևն)։ Տեսականորեն հայերն էլ կարող են վերադառնալ իրենց հին բնակության վայրերը, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ (օրինակ՝ Հադրութ)։

8. Գերիների և մարմինների փոխանակում։

9. Նախիջևանը կապվում է Ադրբեջանի հետ Մեղրիով անցնող ճանապարհով, որը վերահսկելու են ռուս սահմանապահները։ ՀՀ-ն պետք է երաշխավորի այդ ճանապարհով ադրբեջանցիների տեղաշարժի անվտանգությունը։

Ամբողջությամբ տեքստը կարող են կարդալ ՀՀ վարչապետի կայքում, հղումը՝ մեկնաբանություններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել