Այսօրվանից պաշտոնապես կարգելվի թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում։

Այս կարևոր որոշման մասին այսօր ինձ տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը:

Հանդիպման ընթացքում ներկայացրի փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։

Ցավակցությունս հայտնեցի Ֆրանսիայի ժողովրդին Նիցցայի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ և դեսպանին իր մտահոգությունը հայտնել վերջին օրերին Ֆրանսիայում էթնիկ հայերի դեմ ատելության հիմքով իրականացված ակցիաների առնչությամբ՝ կարևորելով հայերի անվտանգության և իրավունքների պաշտպանության հարցերը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժ․ Լաքոտը խստորեն դատապարտեց էթնիկ հայերի դեմ վանդալիզմի և հարձակման դեպքերը և տեղեկացրեց, որ այսօր Ֆրանսիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» («Բոզքուրթ») կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում՝ ծայրահեղ ազգայնական գործունեություն ծավալելու և վերջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի էթնիկ հայ քաղաքացիների և Հայաստանի քաղաքացիներ դեմ հարձակումներ գործելու, ատելություն հրահրելու կոչեր անելու համար։

Հանրահայտ փաստ է, որ ինչպես 2016 թվականին Ապրիլյան պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա Արցախում խոշտանգումները, վայրագություններն ու դաժանություններն ադրբեջանական զինված ուժերի կազմում կատարում են թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները կամ իրականացվում է նրանց մեթոդներով։

Իմ անկեղծ երախտագիտությունը հայտնեցի դեսպանին այս կարևորագույն որոշման համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել