Lurer.com-ը գրում է․

Ժորա Գևորգյանը փրկել է ընկերոջ կյանքը և անմահացել սեպտեմբերի 27-ին՝ իր մայրիկի ծննդյան օրը։

«Ժորան բանակում վարորդ էր, բուժաշխատողների հետ հիվանդներին էր տեղափոխում։ Սեպտեմբերի 26-ին՝ երեկոյան, հիվանդ տեղափոխելիս Ժորան ճանապարհին նկատել է վնասված զինվորական մեքենա, իջել է և  անգիտակից վիճակում գտնվող վարորդին դուրս բերել մեքենայից, օգնություն ցուցաբերել և հասցրել հոսպիտալ»,- Ժորայի սխրանքի մասին ԼՈՒՐԵՐ.com-ին պատմում է նրա մտերիմ ընկերը՝ Անժելա Ինջիղուլյանը։

Նույն օրը` կեսգիշերին, Ժորան զանգել է՝ շնորհավորելու մայրիկի ծննդյան օրը․ «Մամ ջա՛ն, ծնունդդ շնորհավոր, քեզ ամենալավն եմ մաղթում, առավոտյան կզանգեմ, հոգնած եմ»,- ասել է Ժորան։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան տանեցիները լսել են Ժորայի մահվան բոթը․ «Ժորան անմահացավ 7։15-ին՝ իր մայրիկի ծննդյան օրը, չգիտեինք, որ այդ զանգը վերջինն է լինելու»,- արցունքները խեղդելով ասում է Անժելան։

19 տարեկան էր Ժորան, բայց լուրջ ու ծանրակշիռ․ «Իր հասակակիցների համեմատ Ժորան ավելի հասուն մտածելակերպ ուներ, բացի այդ, հոգատար էր ու շատ ուշադիր»,- նշում է մեր զրուցակիցը։

Ժորայի երազանքն էր սովորել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, իսկ ծնողներն այնքան մեծ պլաններ ունեին նրա ապագայի համար։

Անժելան պատմում է, որ Ժորան զոհվել է բուժաշխատողների հետ․ վերջիններս շատ են սիրել նրան։

Ժորան Մեղրաձոր համայնքից էր, տան ավագ որդին․ «Իր համար մեծ տուն էին կառուցել, նոր էին վերջացրել շինարարությունը, բայց Ժորան չհասցրեց տեսնել սեփական տունը»։

Արմանը, ում կյանքը փրկել է Ժորան, և իր ծնողնորը այցելել են Ժորայենց տուն և շնորհակալություն հայտնել նրա ծնողներին՝ իրենց տղայի կյանքը փրկելու համար։

Ժորան հուղարկավորվել է Մեղրաձոր համայնքի հուշարձանում։

Արփինե Հակոբյան

       
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել