Armenpress.am-ը գրում է․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է մեկտեղեն ջանքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վրա և ոչ թե առանձին նախաձեռնություններով հանդես գան: «Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցեն Ռուսաստանի խաղարարար ջանքերին և ոչ թե իրենք փորձեն առանձին խաղարարար նախաձեռնություններ ցուցաբերել: Մանավանդ որ, Ռուսաստանը, մոտ լինելով և ներկա լինելով տարածաշրջանում, ավելի գործուն լծակներ ունի իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն գործելու համար»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Նիկոլ Փաշինյանն ասել է հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հարցին՝ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը չի մասնակցում Վաշինգտոնի նախաձեռնած խաղաղության գործընթացին, վարչապետը բացասական պատասխան է տվել։ «Մենք, իհարկե,  մասնակցում ենք։ Մեր արտաքին գործերի նախարարն արդեն Վաշինգտոնում է և այսօր հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ (խմբ. հարցազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին): Ես ուղղակի շարադրեցի մեր դիրքորոշումը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է շարժվեն նույն, այլ ոչ թե տարբեր ուղղություններով: մենք կարծում ենք, որ տվյալ իրավիճակում ելք կարող է լինել ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում: Մեր կարծիքով՝ միջազգային հանրությունը և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է աջակցեն, քաջալերեն, որպեսզի ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը հակամարտության գոտում տեղի ունենա: Որովհետև այլ պարագայում որևէ կոնկրետ գործողություն չենք տեսնի հումանիտար ճգնաժամը կանխելու ուղղությամբ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել