Ստեփանակերտցի Ալահվերդյանների ընտանիքի 4-րդ հաղթանակը, «Սմերչ»-ի հարվածից փշրված երազանքն ու վաղվա պայծառ լուսաբացը՝ Վիկտորյան։

Լուսանկարի հպարտ հայուհին արցախցի զինվորական Գայանեն է: Երբ սեպտեմբերի 27-ին Արցախում լսվեցին կրակոցները, ռմբակոծությունները, Գայանեն առանց վարանելու հավաքեց իրերը, երեք երեխաներին և հղիության 38-րդ շաբաթում, ինքնուրույն վարելով մեքենան, Ստեփանակերտից հասավ Երևան:

Այս ընտանիքը արիության և ամուր կամքի խորհրդանիշ է։
Ինչո՞ւ։

Պատերազմական օրերին համացանցում լուսանկար հայտնվեց՝ Ստեփանակերտի բնակարաններից մեկում հայտնված «Սմերչ»-ը։ Արցախից հարևանները լուսանկարել էին Գայանեի սեփական բնակարանի պատշգամբը՝ «Սմերչ»-ի հարվածից փլված տանիքով։ Թվում էր, թե տարիներ շարունակ կառուցած, ստեղծած բնակարանի նման պատկերը ընկճելու էր Գայանեին, բայց նրա պատասխանը հետևյալն էր․ «Միևնույնն է, մենք կառուցելու ու շենացնելու ենք ոչ միայն Ստեփանակերտը, այլ ողջ Արցախը, որքան ուզում են, թող խփեն»:

«Շենգավիթ» ԲԿ֊ում մանկաբարձ֊գինեկոլոգ Մարգո Մարտիրոսյանի օգնությամբ Գայանեն լույս աշխարհ բերեց իր 4-րդ երեխային։ Նա ծնվեց խորհրդանշական զինադադարի օրը, չնայած որ այն չպահպանվեց թշնամու կողմից, բայց, այնուամենայնիվ, Գայանեի մյուս երեխաները որոշեցին քույրիկին անվանակոչել Վիկտորյա՝ հաղթանակ:
Վստահ ենք, որ Վիկտորյան հաղթանակ և խաղաղություն կբերի բոլորիս, իսկ հերոս մայրիկի օրինակը՝ վառ ապացույց հայ կնոջ անկոտրում կամքի, հավատքի և խիզախության վառ օրինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել