«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մարտակոչի հետ կապված աշխատանքները կազմակերպելու համար ստեղծվել է Հավաքագրման օպերատիվ շտաբ։ Այս մասին տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցությունը»

«Գրանցումներն իրականացվում են «Հայրենիք»-ի Երևանի և մարզային կառույցներում
Երևան - Ձորափի 50/1
Արարատի մարզ - ք. Արտաշատ, Խարազյան փողոց 1
Տավուշի մարզ - ք. Իջևան, Վալանսի փողոց 15-15/1
Արագածոտնի մարզ - ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան փողոց 5-4
Գեղարքունիքի մարզ - ք. Գավառ, Զ. Անդրանիկի փողոց 20
Կոտայքի մարզ - ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս Ա-4
Լոռու մարզ - ք. Վանաձոր, Տերյան փողոց 6Ա
Շիրակի մարզ - ք. Գյումրի, Շիրակացի փողոց 50/1
Վայոց Ձոր - ք. Եղեգնաձոր, Շահումյան 19 շ. բն. 33

Լրացուցիչ տեղեկատվության համար 044 199301»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդես է եկել մարտակոչով, որում մասնավորապես ասվում է․

«Տղե՛րք,

Հայրենիքը վտանգի մեջ է: Գիտեմ՝ մնացել եք միայն թիկունքային գործով զբաղվածներդ, որ երեք շաբաթ շարունակ արել եք թերևս անհնարինը։ Բայց մի զարկ էլ պիտի տանք. անձրևի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք։ Այս պահին ստի, կենացների ու ինֆորմացիոն վակուումի այս իրողությունը կեղծ հանգստություն է բերում, բայց հավատացե՛ք, իսկապես գործ կա անելու։ Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն։ Սպասում եմ բոլորիդ․ ժամանակը թանկ է:

«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյան»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել