Tert.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կամավորական ջոկատներ ձևավորելու կոչին արձագանքել են ՀՀ մի խումբ քաղաքապետեր։

Մասնավորապես Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քաղաքապետարանի ամբողջ վարչակազմն ու անձամբ ինքը պատրաստ են զինվորագրվել Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։

«Վանաձորի քաղաքապետարանի վարչակազմը՝ տեղակալներ, աշխատակազմի քարտուղար, բաժնի պետեր և անձամբ ես, պատրաստ ենք զինվորագրվելու Հայրենիքի պաշտպանության գործին: Մեր աշխատակիցներին, ավագանու անդամներին և համաքաղաքացիներին կոչ եմ անում սեղմ ժամկետներում որոշում կայացնել և դիմել մեզ»,- ասված է գրառման մեջ։

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

 «Հայրենիքի պաշտպանության խրամատը սրբություն սրբոց է, այդ խրամատում գտնվելը՝ մեծագույն պատիվ ինձ համար:

Եվ ուրեմն, այս պահից սկսած ձևավորում ենք կամավորական ջոկատ և գնում ենք մեր բաժին հաղթանակի հետևից»:

Իջևանի քաղաքապետ Հայկ Ղալումյանը տեղեկացրել է «Իջևան» կամավորական ջոկատի ստեղծման մասին։

«Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել, որ հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության համար ստեղծվում է «ԻՋԵՎԱՆ» կամավորական ջոկատ: Հայրենքի առջև իմ սուրբ պարտքը կատարելու համար առաջինն եմ կամավորագրվում այս ջոկատին: Կոչ անում բոլորիդ` համախմբվել և միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը: Վստահ եղեք, որ մենք առաջնագիծ ենք մեկնում մեր վերջնական ու անշրջելի հաղթանակն ամրագրելու համար: Բոլոր այն անձինք, ովքեր պատրաստ են միանալ մեզ` պետք է ներկայանան համայնքապետարան կամ դիմեն անձամբ ինձ: Նշեմ, որ այս ընթացքում Իջևանի համայնքապետարանն աշխատում է 24/7 ռեժիմով և կարող եք մոտենալ ցանկացած ժամի»,-գրել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել