Անշուշտ այս պատերազմի արդյունքների վերլուծությունների մեջ առանձնահատուկ բարձր գնահատականներ են տրվելու ՊԲ հրետանավորների գրագետ գործողություններին: Այս մասին հայտնում են ՊԲ-ից։

Վերջիններս իրականացնում են այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն եղել անգամ զորատեսակի պատրաստության ծրագրերով: Նման հրետանավորներից է դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Հակոբյանը՝ իր ենթակաների հետ:

Վերջիններս, ի թիվս բազմաթիվ այլ հաջողված գործողությունների, հոկտեմբերի 7-ին խոցել են թշնամու 1 Տ-90 տանկ: Արսեն Հակոբյանը ներկայացված է «Մարտական ծառայություն» մեդալի:

Նույն կարգի մեդալի է ներկայացվել շարքային Վաչագան Մովսիսյանը՝ մարտական դիրքը «Տրոպա» և այլ հատուկ միջոցներ օգտագործելով գրավել փորձող թշնամական ուժերին հաջողությամբ դիմագրավելու և համառ գործողությունների արդյունքում կասեցնելու համար:

Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ, զենք-զինամթերք ու սպառազինություն ոչնչացնելու համար «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն սերժանտ Տիգրան Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրային Սևակ Աթայանը, կրտսեր սերժանտներ Գևորգ Աթանեսյանը, Սևադա Սիրունյանն ու Դավիթ Ասոյանը, շարքային-պայմանագրային Տիգրան Բաղդասարյանը, ավագ լեյտենանտ Գևորգ Աթանեսյանը, պայմանագրային զինծառայող Սևադա Հովսեփյանը, շարքայիններ Ռազմիկ Մադաթյանը, Կառլեն Առաքելյանը, Ռուբեն Գևորգյանը, Նարեկ Ավետիսյանը, Սամվել Բաբայանը, կապիտաններ Սերոբ Մելքոնյանն ու Ալեքսանդր Ավագիմյանը, ավագ լեյտենանտ Զոհրաբ Գաբրիելյանը:

Փառք մեր հերոս տղաներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 195 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 729 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել