Հոկտեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները միաժամանակ հանդես եկան հայտարարությամբ մարդասիրական հրադադարի հայտարարման մասին, որը ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով և Ֆրանսիայի նախագահի անձնական միջնորդությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Սակայն, ինչպես և նախորդ անգամ՝ Մոսկվայում համաձայնության ձեռք բերումից հետո, Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը՝ հավատարիմ մնալու իր իսկ կողմից ստանձնված հանձնառություններին:

Այս ամենը ուղեկցվել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հայտարարություններով, որ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները մինչև պատերազմի «հաղթական ավարտը»։ Հատկանշական է, որ միաժամանակ նմանատիպ հայտարարություններ հնչել են նաև Թուրքիայում։

Մարդասիրական զինադադարի հայտարարումից րոպեներ անց Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են մարտական գործողությունները, իսկ հոկտեմբերի 18-ի առավոտյան լայնամասշտաբ հարձակման են անցել հարավային ճակատում։

Փաստորեն, սա կրակի դադարեցման վերաբերյալ երկրորդ պայմանավորվածությունն է, որն Ադրբեջանը չի ցանկանում կամ չի կարողանում կյանքի կոչել՝ միաժամանակ մոլորեցնելով միջազգային հանրությանը և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին:

Մենք հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ որպես առաջնահերթ նպատակ ունենալով վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:

Այդ առումով կրկին վերահաստատում ենք այդ  հայտարարությունները, որոնք կիրառական արտահայտություն են տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի, ինչպես նաև համանախագահ երկրների ԱԳ նախարարների հոկտեմբերի 5-ի հայտարարություներին:

Հավատարիմ ենք կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ բանակցային գործընթացի միջոցով:

Պահպանելով հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ  քայլերը՝ վճռականորեն մերժելու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 18-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 673 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել