ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Ադրբեջանի զինված ուժերի արդեն 22 օր տևող ու չդադարող զինված հարձակումները մարդասիրական աղետ են առաջացրել ոչ միայն Արցախի քաղաքացիական բնակավայրերում, այլ նաև բոլոր այն վայրերում, որտեղ անմիջական ռազմական բախումներն են:

Արցախի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի շարունակվող թիրախային հարձակումների հետևանքով ավերվում են տներ ու կենսական քաղաքացիական ենթակառույցվածքներ, արգելված զինատեսակներից սպանվում կամ կյանքը խեղող վնասվածքներ են ստանում խաղաղ բնակիչներ: Արցախում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են գործում շտապ բժշկական օգնության մեքենաների ու հոսպիտալի ուղղությամբ:

22 օր անընդհատ հայտարարվում է բոլոր կողմերում գերիների, ինչպես նաև զոհերի ու դիակների մասին:

Ադրբեջանի շարունակվող ագրեսիան ոչ միայն կոպտորեն խախտում է վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլ նաև անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք է նրանց մերձավոր ազգականների նկատմամբ:

Առկա վիճակը աղետալի է նաև շրջակա միջավայրի աղտոտման, վարակիչ հիվանդությունների զանգվածային տարածման ու համաճարակների բռնկման տեսանկյունից՝ բնապահպանական աղետի վերածվելու իրական սպառնալիքով: Իսկ այս ամենն արդեն չի ճանաչում պետական սահմաններ ու վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Այս մասին է վկայում նաև Հայաստանի առողջապահության նախարարության մասնագիտական գնահատականը:

Այս ամենը միջազգային իրավունքի, այդ թվում՝ 1949թ֊ի Ժնևյան կոնվենցիաներում ամրագրված և սովորութային մակարդակում գործող միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջների շարունակվող հանցավոր խախտումներ են:

Միջազգային հանրությանը՝ անհրաժեշտ է իրական քայլերով անհապաղ կանխել այս վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը: Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ, ICRC) համար պետք է ապահովվի մարդասիրական առաքելության իրական և արդյունավետ հնարավորություն»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 18-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 673 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել