Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ս․թ․ հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Սակայն այս քայլը, որը արվում էր թե՛ հոկտեմբերի 17-ի և թե՛ հոկտեմբերի 10-ի Մոսկավայի համաձայնությունների տառին և ոգուն համապատասխան, կտրականապես մերժվել է պաշտոնական Բաքվի կողմից։

Տեղի ունեցածը վկայում է, որ Ալիևյան կլանը, դառնալով տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության գործիք, մտահոգված է միայն սեփական իշխանության պահպանմամբ և, սարսափելով պատերազմ սանձազերծելու ու բազմաթիվ կորուստներ ունենալու համար իր սեփական ժողովրդի առջև պատասխան տալու հեռանկարից, փորձում է հետաձգել իրականության հետ առերեսվելու անխուսափելի պահը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 18-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 673 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել