News.am-ը գրում է․

Ղարաբաղյան հակամարտությունը բարդացնող գործոնն այն է, որ պատերազմող կողմերի առավել հզոր հարեւանները՝ Ռուսաստանն ու Թուրքիան, ունեն շահեր Հարավային Կովկասում եւ հնարավորություն կամ դեէսկալացիայի, կամ հակամարտությունը սրելու, գրում է New York Magazine-ը:

«Թուրքիան, որը դիտարկում է թրքախոս ադրբեջանցիներին որպես թուրքական մեծ ազդեցության մաս, աջակցել է Ադրբեջանին նաեւ 1993 թվականին, երբ Անկարան փակել էր իր սահմանները Հայաստանի հետ եւ սահմանել տնտեսական շրջափակում, որը պահպանվում է առ այսօր: Հայաստանի եւ Թուրքիայի, որն առ այսօր չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, արյունալի պատմությունը նաեւ նպաստում է այդ երկրների միջեւ ներկայիս թշնամանքին: Մինչդեռ Ռուսստանը միշտ եղել է հիմնական միջնորդը, որը պատասխանատու է այդ հակամարտության կարգավորման համար: Հայաստանի հետ այդ երկիրը կապվում է պաշտոնական միությամբ, սակայն այն չի համարում Ադրբեջանին՝ որպես թշնամի, ինչպես նաեւ այդ հակամարտության բոլոր կողմերի համար զենքի հիմնական մատակարարն է:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սատարել է Ադրբեջանի ռազմական գործողությունները, եւ Թուրքիայի կառավարությունն ուղարկել է Ադրբեջան շուրջ 1500 սիրիացի ահաբեկիչ պատերազմում մասնակցելու համար՝ օգտագործելով սիրիացի ապստամբների իր խամաճիկային բանակը, որին նա նաեւ ուղարկել է Լիբիա:

Հակամարտության լայնածավալ տարածաշրջանային չափման համար եւս մեկ վկայությունն այն է, որ Թուրքիայի կողմից սիրիացի ահաբեկիչների տեղակայումը մտահոգել էր Իրանին, որն Ադրբեջանի մյուս առավել հզոր հարեւանն է: Իրանը լավ հարաբերություններ ունի իր երկու կովկասյան հարեւանների, հատկապես, Ադրբեջանի հետ, որի հետ կան պատմական, մշակութային եւ կրոնական կապեր. իրանցի ադրբեջանցիներն Իրանում խոշորագույն էթնիկ փոքրամասնությունն են, իսկ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կիսով չափ ադրբեջանցի է հոր գծով: Թեհրանը չի ցանկանում, որ նրա սահմաններին գտնվեն Թուրքիայից վարձկաններ, որոնց նա համարում է ահաբեկիչներ, եւ չի ցանկանում, որ Ադրբեջանը չափազանց կառչած լինի թուրքական ազդեցությունից:

Ռուսաստանը դեռեւս չի միջամտում ռազմական հարաբերություններին, սակայն փորձագետները մտահոգվում են, որ Մոսկվան կարող է միջամտել Հայաստանի կողմից, եթե ռազմական գործողությունները երկարաձգվեն՝ վերածելով ղարաբաղյան հակամարտությունը ուղղակի կամ միջնորդավորված պատերազմի Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել են, որ Մոսկվան կկատարի իր պարտավորությունները Հայաստանի՝ որպես ռազմական դաշնակցի նկատմամբ, սակայն Պուտինը փորձում է ներկայանալ որպես չեզոք միջնորդ եւ հանդես գալ նոր հրադադարի օգտին: Բայց որոշ փորձագետներ համարում են, որ Պուտինը կցանկանար, որ Փաշինյանը տապալվեր, քանի որ Հայաստանի առաջնորդն առավել արեւմտամետ է, քան նրա նախորդները: Պուտինը կարող է փորձել ստիպել Փաշինյանին զբաղեցնել ավելի ռուսամետ դիրք՝ հրաժարվելով ուղիղ ռազմական օգնությունից, երբ Հայաստանն առավելապես դրա կարիքն ունի:

ԵԱՀԿ Մինսկի խումբը Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահության ներքո պատասխանատու է այդ հակամարտության կարգավորման համար 1992 թվականից: Ռուսաստանը գլխավորում է վերջին ջանքերը կողմերին բանակցությունների սեղանի շուրջ ներգրավելու ուղղությամբ: Մոսկվայում գիշերային բանակցությունները հանգեցրել են հրադադարի պայմանավորվածության Ռուսաստանի միջնորդնությամբ, որն ուժի մեջ է մտել շաբաթ կեսօրին, սակայն Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրել են միմյանց հրադադարը մի քանի ժամվա ընթացքում խախտելու մեջ: Ինչպես հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, առավել ամուր հրադադարի շուրջ բանակցությունները դեռեւս շարունակվում են, եւ երկրները համաձայնվել են վերսկսել խաղաղ բանակցությունները ՄԽ հովանու ներքո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել