News.am-ը գրում է․

Հոկտեմբերի 10-ի կեսօրից, համաձայն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման, հումանիտար զինադադար է հայտարարվել: Սակայն հակառակորդը շարունակում է կրակել: Այս եւ այլ հարցեր NEWS.am-ին տված հարցազրույցում մեկնաբանում է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայան:

Մի քանի ժամ է անցել հումանիտար զինադադարի հաստատումից, բայց շարունակում են գալ Ադրբեջանի կողմից հրետակոծության մասին հաղորդագրությունները: Ինչպե՞ս դա հասկանալ։

Այո, կրակոցները դեռ շարունակվում են: Որոշ ուղղություններով հակառակորդը դեռ ակտիվություն է ցուցաբերում: Սակայն ամենակարեւորն այն է, որ Մոսկվայում ձեռք է բերվել քաղաքական, կարելի է ասել, աշխարհաքաղաքական հրադադար: Չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա հերթական արկածախնդրությանը եւ մեկ անգամ եւս կանտեսի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ջանքերը: Այս դեպքում բոլորովին այլ գործընթացներ կարող են սկսվել, դա հասկանալի է: Այն, որ թշնամին այժմ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունը, նա միշտ էլ դա արել է: Բայց սա, ամենայն հավանականությամբ, նպատակ ունի փորձել ամրապնդել սեփական դիրքերը կամ վնասել մեզ, հետո պնդել, որ իրենք ոչ մի կապ չունեն դրա հետ: Ամենակարեւորն այն է, որ ձեռք է բերվել հենց քաղաքական համաձայնություն:

Կա՞ որոշակի ժամանակահատված, որի համար հաստատվել է հրադադարը:

Հրադադարը անժամկետ է, այս մասին ասվում է նախորդ օրը ընդունված հայտարարության տեքստում: Փաստորեն, հրադադարի ռեժիմը վերականգնվում է: Սա լավագույն տարբերակն է: Հրադադարի պահպանումը կախված է կողմերի քայլերից: Բայց Էրդողանին եւ Ալիեւին երբեք չպետք է թերագնահատել: Իրականում մեր դեմ խաղում է նենգ, խելացի, ցանկացած արկածախնդրության պատրաստ թշնամի: Մենք դա երբեք չպետք է մոռանանք: Իրականությունից կտրվելը հղի է աղետով: Եվ այժմ հրադադարի ռեժիմը խախտելու փորձերը բոլորովին այլ հետեւանքներ կունենան:

Ադրբեջանը գործում է Թուրքիայի թելադրանքով: Կարելի՞ է խոսել Մոսկվային արկածախնդրության մեջ ներքաշելու Անկարայի փորձի մասին:

Այն, որ Թուրքիան է թելադրում, փաստ է: Բայց մենք պետք է հստակ տարանջատենք գործընթացները, փորձենք նայել տարբեր հարթություններում: Ցավոք, պետք է ընդունենք այն իրողությունը, որ Թուրքիան աշխարհաքաղաքական մարտերի շատ հարուստ փորձ ունի, եւ բավականին հետաքրքիր: Երբ նրանք իրենց առջեւ ինչ-որ աշխարհաքաղաքական խնդիր են դնում, մեկից ավելի նպատակ կա: Արցախի եւ Հայաստանի դեմ ագրեսիան արկածախնդրության նպատակներից մեկն է միայն: Բայց ոչ միակը: Նրանք կցանկանային ոչնչացնել մեզ, փորձեցին դա անել՝ հավատալով, որ մի քանի ժամվա ընթացքում կարող են կոտրել մեզ: Դա փաստ է: Բայց հայկական պետականության ոչնչացումը Թուրքիայի նպատակներից մեկն էր: Նրանք ունեն ծրագիր-մինիմում եւ ծրագիր-մաքսիմում: Չստացվեց: Առաջին հերթին շնորհիվ մեր հերոսական տղաների, ովքեր իրենց կյանքի գնով կասեցրին թուրք-ադրբեջանական ահաբեկչական դաշինքը: Նման թշնամու հետ մենք առաջին անգամ ենք պատերազմում: Նախկինում Թուրքիայի այդպիսի ուղղակի մասնակցություն չկար: Այո, նրանք օգնում էին, բայց այդպիսի բան չկար: Մենք դիմադրեցինք: Բայց սա միակ նպատակը չէր: Հիմնականներից մեկը Թուրքիայի ներթափանցումն ու ամրապնդվելն էր Անդրկովկասի աշխարհաքաղաքական տարածաշրջանում: Ցավոք, դա նրանց հաջողվեց Ադրբեջանում: Եվ այժմ մենք ունենք բոլորովին նոր անդրկովկասյան աշխարհաքաղաքական տարածք: Հարյուր տարի նրանք չէին կարողանում ներթափանցել այստեղ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել