Թուրքիայի, Ադրբեջանի, Էրդողանի ու Ալիևի ընտանիքի շահերի նույնականացումը սխալ է, յուրաքանչյուրն իր խնդիրներն է լուծում, ու պարտադիր չէ, որ դրանք համընկնեն, անգամ կարող են հակասությունների մեջ լինել: Բնականաբար, միշտ չէ, որ նույնական են Փաշինյանի ու Հայաստանի շահերը: Տարբեր խնդիրներ են լուծում հրադադարի կոչ անող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ նահանգները:

Դա բազմաթիվ փոփոխականներով ինտեգրալ հավասարում է, որը յուրաքանչյուրը բանակցությունների ժամանակ պետք է փորձի լուծել իր օգտին, սակայն որի լուծման համար մեր զինվորների արյունն է հոսում: Ցավոք, դա է քաղաքականության կանոնը, որը միշտ է եղել ու ամեն տեղ և դա բոլորի համար, բացի մեզանից, լիրիկական զեղում է:

Սխալ է կարծել, որ Էրդողանի նպատակը Արցախն է կամ Ադրբեջանի շահը: Էրդողանի խնդիրն է վերջնականապես իր ազդեցության տակ մտցնել Ադրբեջանն ու հաջորդ փուլում փոխել Ալիևին ամբողջապես իրեն ենթարկվող դրածոյով, ու դրա համար իրեն պետք չէ, որ Արցախի խնդիրն իրենց պատկերացումներով վերջնականապես լուծվի՝ չկա խնդիր, չկա միջամտելու լծակ: Անգամ Մեղրին իրենց համար այս փուլում կենսական չէ, Վրաստանն ամբողջապես սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի կոմունիկացիոն պահանջմունքները:

Էրդողանին պետք է Արցախում խնդիրներ ունեցող Ադրբեջան, որպեսզի Ալիևների կլանը, իսկ հետագայում՝ նաև ադրբեջանցիները, մշտապես կախվածության մեջ մնան, որ Ադրբեջանն իրենց կարիքը մշտապես ունենա ու չփորձի սուվերեն երկիր դառնալ, թեկուզ հետագայում:

Կովկասը Էրդողանին պետք է երկրի ներսում իր վարկը բարձրացնելու, Ռուսաստանի վրա ճնշման և Մերձավոր Արևելքում ու Լիվիայում զիջումներ պարտադրելու համար:

Ինչ վերաբերում է Կովկասին, ապա թուրքերն, ինչպես միշտ, անկեղծ են: Կովկասը ռուս-թուրքական գոտի են ցանկանում դարձնել ու Ռուսաստանին առաջարկում են «սիրիական» տարբերակ:

Ֆրանսիայի շահերը Լիվիայում ու Միջերկրական ծովում են, իսկ Կովկասն ընդամենը պետք է Թուրքայի վրա ճնշումներ բանեցնելու, այլ վայրերում դիվիդենտներ քաղելու համար։

Թե ինչ է պետք Միացյալ Նահանգներին, անգամ Թրամփի ու Բայդենի համար դեռևս պարզ չէ, սակայն եթե ստացվի, Թուրքիային ու Ռուսաստանին ընդհարման տանել, ցանկալի կլինի նաև Իրանին էլ ներքաշել առճակատմանը, դա իրենց համար հրաշալի տարբերակ կլինի, թեկուզ երկրագնդի վրա Հայաստան էլ չլինի, մանր հարց է։

Հայաստանի, Փաշինյանի և այլ երկրների շահերը սպասարկողների, ներազգային ատելություն սերմանողների, նաև այս վիճակին հասնելու պատճառների մասին (ինչու այսպես ստացվեց, ու ինչ գին ենք դրա համար վճարում) կխոսենք զինադադարից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել