COVID-19 համաճարակը լավագույն դեպքում կավարտվի 2022 թվականին։ Այս կարծիքն է հայտնել Microsoft տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Գեյթսին հարց են ուղղել այն մասին, թե երբ սանիտարահամաճարակաբանական իրավիճակն ԱՄՆ-ում և ողջ աշխարհում կնորմալիզացվի։ «Եթե պատվաստանյութերի կիրառման մասին տեղեկությունները հաստատվեն 2021 թ. սկզբին, ապա հուսով ենք, որ ԱՄՆ-ն իր բնականոն կյանքին կվերադառնա հաջորդ ամառ, ինչից հետո կօգնենք մյուս պետություններին»,- հարցին պատասխանել է նա։

«Լավագույն դեպքում համաճարակն իր ավարտին կհասնի 2022 թ., սակայն 2021 թ. ընթացքում բոլոր պետություններում հարկավոր կլինի նվազեցնել վարակի տարածման ցուցանիշները։ Փառք Աստծո, պատվաստանյութի մշակման տեխնոլոգիա արդեն հայտնաբերվել է, ֆինանսավորում կա, իսկ ընկերությունները տրամադրել են իրենց լավագույն մասնագետներին, այդ իսկ պատճառով ես լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ այս ամենը հավետ չի տևի»,- նշել է Գեյթսը։

Ըստ Բիլ Գեյթսի գնահատականի՝ վակցինացիայի մակարդակը համաճարակի ընթացքում նվազել է 14%-ով՝ ոչնչացնելով այն առաջընթացը, որը գրանցվել էր նախորդ 20 տարիների ընթացքում։ Նա իր ափսոսանքն է հայտնել այն մասին, որ «Միացյալ Նահանգները չի օգնել զարգացող պետություններին պատվաստանյութեր գնելու հարցում»։

Բիլ Գեյթսն ու նրա կինը՝ Մելինդան, գլխավորում են բարեգործական հիմնադրամ։ Վերջինիս հիմնական ուղղվածությունների թվում են նաև զարգացող երկրներում վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարը, ԱՄՆ-ում առողջապահության և կրթության ծրագրերի զարգացումը։ Հիմնադրամը հարյուրավոր միլիոն դոլարներ է ներդրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և համաճարակի պայմաններում բնակչության աղքատ խավի օգնության գործերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել