168.am-ը գրում է․

Համավարակից հետո պաշտոնական վիճակագրությունը հետաձգել է որոշ ոլորտներին վերաբերող ցուցանիշների հրապարակումը։ Դրանք, ըստ ամենայնի, ձեռնտու չեն իշխանություններին, ինչն էլ հավանաբար ստիպել է գնալ այդպիսի քայլի։ Թեև պարզ է, որ դրանով իրավիճակն ավելի լավ չի դառնալու։

Խնդիրն առկա է, մասնավորապես, ներդրումների հետ կապված։ Տարվա ավարտին մնացել է 4 ամսից էլ պակաս ժամանակ, սակայն մինչև հիմա հայտնի են միայն տարեսկզբի առաջին 3 ամիսների տվյալները։

Թե ինչո՞ւ է Վիճակագրական կոմիտեն որոշել հետաձգել ներդրումների վերաբերյալ ցուցանիշների հրապարակումը, որևէ պաշտոնական բացատրություն չկա։ Փաստն այն է, որ այդ երևույթը նոր է և ի հայտ է եկել համավարակից հետո։

Մինչ այդ էլ, իհարկե, ներդրումների տվյալներն ուշանում էին, բայց ոչ այսքան երկար։ Դրանք հրապարակվում էին ժամանակահատվածի ավարտից 2 ամիս անց։

Հիմա Վիճակագրական կոմիտեն որոշել է ժամկետը տեղափոխել ևս 1 ամսով։ Ու ստացվել է այնպես, որ առաջին կիսամյակի տվյալները հայտնի կլինեն ոչ թե սեպտեմբերին, ինչպես նախկինում էր, այլ միայն հոկտեմբերին։

Այդքանից հետո դժվար չէ պատկերացնել, թե երբ կհրապարակվեն տարեկան ցուցանիշները։

Թե ի՞նչ է տալու այդ 1 ամիսը Վիճակագրական կոմիտեին, մնում է միայն ենթադրել. տվյալների հավաքագրման առումով հավամավարակից հետո բան չի փոխվել։ Սակայն փոխվել է ներդրումների վիճակագրությունը։ Համավարակից ու տնտեսական ճգնաժամից հետո նույնիսկ անիմաստ է խոսել արտաքին ներդրումների մասին։ Անգամ եղածներն են գնում։

Այն, որ ներդրումային իրավիճակը մեր երկրում սարսափելի վատ է, նորություն չէ։ Եվ ոչ մի նշանակություն չունի, թե Հայաստանի ներդրումային միջավայրի մասին ինչ կարծիք կհայտնի ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Ներդրումային միջավայրի մասին դատում են ներդրումների ծավալներով։ Այնինչ, ներդրումները մեր երկրում չեն ավելանում։ Եվ ոչ միայն չեն ավելանում. միայն առաջին եռամսյակում ներդրումների զուտ հոսքերը նվազել են շուրջ 150 մլն դոլարով, ուղղակի ներդրումներինը՝ ավելի քան 42 միլիոնով։

Խոսքն այն ժամանակահատվածի մասին է, երբ համավարակը դեռևս որևէ ազդեցություն չէր ունեցել Հայաստանի տնտեսության վրա։

Եթե համավարակից առաջ էր այդպես, պատկերացրեք, թե ինչ է տեղի ունեցել համավարակից հետո։

Առանց պաշտոնական տվյալների էլ տեսանելի է, որ Հայաստանի տնտեսության մեջ արտաքին հատվածից ներդրումներ գրեթե չեն կատարվում։ Համավարակից հետո Հայաստանի տնտեսությունը կանգնել է ծանր փորձության առաջ։ Ժամանակին որքան էլ խոսվում էր տնտեսության մեջ տեղի ունեցող դրական վերափոխումների ու արձանագրվող զարգացումների մասին, ճգնաժամը ցույց տվեց, որ դրանք իրականության հետ կապ չունեն։ Առաջին իսկ հարվածից հետո տնտեսությունը փլվեց, իսկ նախկինում եղած «աննախադեպ» զարգացումներն ու կառուցվածքային փոփոխությունները մնացին անցյալում։

Ետկորոնավիրուսային շրջանում տնտեսությունն այդ վիճակից հանելու համար ներդրումներ են պետք, մեծ ծավալի ներդրումներ, իսկ դրանք չորացել են։ Մինչ այդ էլ Հայաստանի տնտեսությունը չէր փայլում իր ներդրումային գրավչությամբ։ Այնինչ՝ առանց ներդրումների հեշտ չի լինելու և ոչ մի նշանակություն չունի՝ պաշտոնական վիճակագրությունը 1 թե՞ 2 ամսով կհետաձգի ներդրումների վերաբերյալ տվյալների հրապարակումը։ Դրանով ներդրումային հետաքրքրությունները մեր երկրի նկատմամբ չեն փոխվելու։

Հայաստանի տնտեսությունն այսօր առավել քան զգայուն է դարձել արտաքին կապիտալի համար։ Չկան ոչ միայն նպաստավոր պայմաններ, այլև զարգացման հեռանկարներ։

Զարմանալի չէ, որ հայտարարված բազմաթիվ ներդրումային ծրագրեր այդպես էլ կյանքի չեն կոչվում։ Ժամանակին վարչապետն ու էկոնոմիկայի նախարարը խոսում էին միլիարդների հասնող ծրագրերի մասին։ Ցավոք, դրանք այդպես էլ մինչև հիմա տեղ չեն հասնում։ Այլևս պարզ է, որ չեն էլ հասնելու։

Հիշեցնենք դրանցից մի քանիսը։ Խոսքն այն ծրագրերի մասին է, որոնք վաղուց պիտի իրականացված լինեին և բազմաթիվ աշխատատեղեր ապահովեին մեր քաղաքացիների համար։

Դեռևս արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, այսինքն՝ 2018թ. վերջին, Նիկոլ Փաշինյանը Գավառի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր, որ ծագումով Ծովազարդ գյուղից մի գործարար կբացի  տեքստիլի գործարան։ «Նա որոշել է ներդրումներ իրականացնել և Ծովազարդ գյուղում ստեղծել տեքստիլ գործարան։ Գործարանը կսկսի աշխատել արդեն հունվարից և սկզբնական շրջանում կլինի 400-600 աշխատատեղ, հետագայում նաև 1200 աշխատատեղ է պլանավորում բացել»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Դժվար չէ հաշվել, թե դրանից հետո քանի հունվար է անցել, բայց գործարանն այդպես էլ չի բացվել։ Հեռանկար էլ չկա, որ մոտ ապագայում կարող է բացվել։

Նույն ճակատագիրն է բաժին հասել նաև Կոտայքում վերելակների արտադրություն կազմակերպելու ծրագրին, որը պիտի իրականացվեր չինական ներդրողների կողմից։

Հիշո՞ւմ եք, թե ժամանակին Կոտայքի այլևս նախկին մարզպետը՝ այսօրվա Շրջակա միջավայրի նախարարը, ինչպես էր թմբկահարում այս ծրագիրը։ Դա 2019թ. սկիզբն էր։ Արտադրությունը պիտի սկսվեր նույն տարում ու տարեկան պիտի արտադրվեր մի քանի հազար վերելակ, ոչ միայն ներքին շուկայի, այլև արտահանման համար։

Անցել է գրեթե տարիուկես, բայց ծրագիրը դեռ չի էլ մեկնարկել։ Եվ ոչ միայն չի մեկնարկել, այլևս չի էլ մեկնարկելու։ Հավանական ներդրողները հեռացել են, իսկ ներդրումային ծրագիրը մտել է փակուղի։ Աշխատանքներն ընդհանրապես դադարեցված են։

Հիշենք ևս մեկ ծրագիր, որը խոստանում էր կատարել մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումներ՝ Հայաստանում գազաբալոնների արտադրության ընդլայնման, մանրաթելերի արտադրության հիմնման և ավտոմեքենաների արտադրության կազմակերպման համար։ Ծրագրի իրականացման արդյունքում միայն գազաբալոնների արտադրության ոլորտում պիտի ներդրվեր 21 մլն դոլար և ստեղծվեր շուրջ 120 աշխատատեղ։ Այսօր ներգրավվածների թիվն առնվազն 10 անգամ քիչ է, իսկ մանրաթելերի և ավտոմեքենաների արտադրության մասին ընդհանրապես անիմաստ է խոսել։

Ներդրումային ծրագրերը, որոնք տարբեր ժամանակներում գովազդում էին իշխանությունները, փորձելով ցույց տալ, թե իշխանափոխությունից հետո ներդրողների ուշքը գնում է մեր տնտեսության մեջ ներդրումներ անելու համար, ընդամենը խաբկանք էր։ Ներդրողները երբեք էլ ոգևորված չեն եղել Հայաստանում ներդրումներ անելու համար։ Ու դրա լավագույն վկայությունն իրականացված ներդրումների ծավալներն են։ Դրանք ուղղակի ծիծաղելի են, հատկապես այն խոստումների դիմաց, որ տրվում էին հասարակությանը։

Ակնհայտ է, որ ներդրումային իրավիճակի առումով մեր երկիրը հայտնվել է փակուղում։ Չեն երևում այն քայլերը, որոնք արվում են փակուղուց դուրս գալու համար։

Այս ամենի հետևանքները շատ ծանր են լինելու, ու դրա հետ շուտով առերեսվելու ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել