Armlur.am-ը գրում է.

ArmLur.am-ի տեղեկություններով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ներսում դեռևս խմորումներ են ընթանում Սահմանադրական դատարանի անդամների ընտրության հետ կապված: Մենք գրել էինք, որ քվեարկության օրն առավոտյան հրատապ խմբակցության նիստ էր հրավիրվել, որի ժամանակ մեկ անգամ եւս քննարկվել էր քվեարկության կարգը: Եվ այդ նիստի ժամանակ որոշվել էր, որ նախագահի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանը պետք է ընտրվի: Եվ մեր տեղեկություններով, այդ նիստն իսկապես թեժ է եղել, ընդդիմացողներ են եղե, պատգամավորների միջեւ անգամ վեճ է եղել եւ նրանց մեջ է  եղել պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Լուսինե Բադալյանը, Գոռ Գեւորգյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համազասպ Դանիելյանը և այլք:  Եվ չնայած նրանք բոլորն էլ կողմ են քվեարկել ի վերջո, սակայն իրավիճակն այնքան թեժ է եղել եւ այս պատգամավորներն էլ այն վիճակում են հայտնվել, որ մտածել են անգամ մանդատը վայր դնելու  մասին:

Ավելին, մեր տեղեկություններով, Հովհաննես Հովհաննիսյանն արդեն հանդիպում է ունեցել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ և ասել, որ ցանկանում է մանդատը վայր դնել, քանի որ այլ դիրքորոշում է  ունեցել հարցի հետ կապված: Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմեց պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին, սակայն վերջինս կարճ պատասխանեց, թե եղել է միայն աշխատանքային  քննարկում եւ մանրամասներ չցանկացավ ներկայացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել