ДНО

Բարոյական կոլապսից զարհուրելի բան չկա։ Երբ մարդուն տարբերակող բոլոր արժեքները մեկից դառնում են առ ոչինչ, դառնում են ջնջոց։
Այսօր, հեղափոխական պառադից երկու տարի անց, արձանագրում ենք՝ մեր երկրում այլևս չկա ադեկվատ բանավեճ, չկա անհայհոյանք, փաստարկված դիսկուրս, կա ընդամենը անպարագիծ ատելություն, թշնամանք, իրար ոչնչացնելու ստորագույն բնազդ։
Բոլոր հնարավոր բարոյական արգելակները հատված են, բոլոր հնարավոր կարմիր գծերը ջնջված են, չկա այլևս գիծ, որից անդին աշխատի բարոյական որևէ STOP։

Բարոյական դեֆոլտի անդառնալիության վերջին կետը հատված է։ Երբ հասարակությանը հետեւողականորեն նստեցնում են ապականության ասեղի վրա՝ դրանով սպանում են հասարակության դիմադրողականության վերջին կաթիլը։
Զարհուրելի է։
Մենք բոլորս այլեւս մտել ենք ականապատ տարածք՝ ատելության, թշնամանքի, միմյանց ու ինքներս մեզ խժռելու ստալկերյան մեռյալ մի զոնա։ Ու էս թշնամանքի, ստի, կեղծիքի, անբարոյականության ու անպատասխանատվության, համատարած լակոտության ու անլրջության ռադիացիոն ալիքը Չեռնոբիլից վատ է: Բարոյական դեֆոլտից գարշելի բան չկա:
Սա այլևս ականապատ տարածք է, որի վրա դանդաղ պայթելու ենք բոլորս:

Այսօր հասարակության մի մեծ կտոր սուբլիմացվում է հայհոյանք ու մաղձ շաղ տալով։ Ու էս մարդաբանական տեսակը գնալով շատանում է։ Ցավոք։
Այս տեսակի մոտ անվրեպ աշխատում է պավլովյան բնազդը: Նրանք տեքստ չեն կարդում: Բանական միտքը, խոսքը, նրանց համար հավասարազոր է հին շումերների սեպագրերին: Բանական միտքը նրանց դասակարգային թշնամին է: Սա վատ է, շատ վատ, որովհետեւ արտաքին աշխարհում պարտվելու առաջին քարը դրվում է հենց այն պահին, երբ քո ներսում թշնամիների որս ու թշնամու հավերժական փնտրտուք է:

Դեմքի լուրջ արտահայտությամբ սնամեջ դատարկությունների մի ողջ դասակ հավերժորեն դատողություններ է անում մեզ սպառնացող հիբրիդային պատերազմներից, չհասկանալով, որ հիբրիդային պատերազմի գործիքներից ամենաստորը հենց քո հասարակությունը ներսից ջարդելն ու հանրության իմունիտետը զրոյացնելն է։

Ես չեմ հավատում չար ու չսիրված կանանց, չեմ հավատում Էդիպի բարդույթով տապառող տղամարդկանց բարոյական արգելակներին։ Նրանք արգելակներ չունեն, նրանց համար բնականոն կեսոլորտը զիբիլն է՝ ախտը։
Այլ միջավայրում նրանք շնչահեղձ կլինեն, ինչպես ջրից հանված ջրադոդոշը։

Շատ վտանգավոր ուրվական է շրջում Հայաստանում՝ ներքին թշնամանքի ուրվականը, եւ ցավն այն է, որ հասարակության մի հատվածի մոտ ատելության ու հայհոյանքի կենսաբանական պահանջը կա:
Եթե սա մտածված քաղաքականություն է՝ վատ է, եթե անկառավարելի քաոս է՝ ողբերգություն է։

Ջինը շշից վաղուց արդեն բաց է թողնված։
Գորկու «Հատակումը» այլեւս շոշափելի իրականություն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել