ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ
(մաս 4-րդ)

Շարունակելով ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ դիտարկումները` ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովման ռազմավարական ձևակերպումներին: Մասնավորապես`

1. «Արտաքին առավել նպաստավոր միջավայրի ձևավորում» բաժնում արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրականացման սկզբունքները լիարժեք չեն արտահայտում արդյունավետ արտաքին քաղաքականության մեթոդաբանությունը (կետ 4.2): Հատկապես բացակայում է շահերի համադրման և որևէ տիպի հակասությունների վրա արտաքին քաղաքականության վարման սկզբունքի բացակայությունը: Այն միշտ անկյունաքարային սկզբունք է եղել ՀՀ արտաքին քաղաքականության համար և բազմիցս ապացուցել է իր արդարացիությունը:

2. Տարօրինակ է այն հանգամանքը, որ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության ձևակերպումներում հատուկ ընդգծվում է միմյանց շահերը փոխադարձաբար հաշվի առնելու և իրավահավասարության սկզբունքի կարևորությունը (կետ 4.7), ինչը չի արվում այլ պետությունների հետ համագործակցության մասին ձևակերպումներում: Ի՞նչ է սա նշանակում՝ իշխանությունը հատուկ նախապաշարմունք ունի՞ ՌԴ-ի հետ հարաբերություններում, թե՞ ՌԴ կողմից ինչ-ինչ հարցերում արդեն հասցրել է ասիմետրիկ իրավահավասարության ազդանշաններ ստանալ:

3. Հաշվի առնելով ՀՀ արտաքին քաղաքական օրակարգերն ու առաջնահերթությունները՝ խիստ էական կլիներ Ֆրանսիայի, Իրանի և Վրաստանի հետ համագործակցության առանքային խնդիրները ձևակերպել և բացել առանձին կետերով ( կետ 4.9; 4.10): Փոխարենը ռազմավարության տեքստում տեղ են գտել անհարկի կրկնվող և անէական նշանակությամբ տարբեր ձևակերպումներ: Իսկ 4.13 կետում ճիշտ կլինի դուրս հանել «նաև» շաղկապը:

4. «Ռազմական սպառնալիքների զսպում և չեզոքացում» բաժնում չի երևում ՀՀ ՊՆ վերջերս որդեգրած ըստ անհրաժեշտության նախահարձակ լինելու և նոր ագրեսիաների պարագայում հարձակողական գործողությունների կիրառման հավանականության մասին որևէ միտք: Այն, ի դեպ, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող ագրեսիվ ռազմաքաղաքական փոփոխությունների ֆոնին լրիվությամբ ընկալվում է որպես զսպման հանգամանքներից մեկը:

5. Ինչպես ողջ փաստաթղթում, այնպես էլ «Արցախի անվտանգության ապահովում» բաժնում չի կիրառվում «Արցախի Հանրապետություն» տերմինը` փոխարենը նշելով «Արցախ» անվանումը: Նույնիսկ 4.29 կետում չի նշվում, որ 1994թ. հրադադարը ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից: Բացի այդ՝ ռազմավարության տեքստում մի քանի անգամ կրկնվում է «Արցախի» կարգավիճակ և «Արցախի անվտանգություն» բառակապակցությունները, որոնք որևէ կետում սահմանված չեն, թե Հայաստանի Հանրապետությունն ինչ է հասկանում այդ ձևակերպումների տակ: Սա լայն անորոշություն է, որտեղ կոնկրետացված չէ հակամարտության բուն նպատակը, ինչն, օրինակ, հստակ սահմանված էր նախորդ` 2007թ. ռազմավարության տեքստում. «Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն»:

6. Ազգային անվտանգության ռամավարությունը միշտ էլ կարելի է վերանայել և լրացումներ իրականացնել, ուստի տեղին կլինի, հատկապես Տավուշի սահմանամեձ որոշ դիրքերում Ադրբեջանի կողմից իրականացված նախահարձակ գործողությունների մատնանշմամբ ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգության ռազմավարական հարց համարել նաև սահմանագծի ողջ երկայնքով վստահության մեխանիզմների ներդրման և հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների անհրաժեշտությունը: Այն որպես լրացում կարելի է ձևակերպել 4.24 կետի շարունակության մեջ:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել