Չծնված երեխայի կյանքի իրավունքը

Սեռով պայմանավորված հղիության ընդհատման ցուցանիշով Հայաստանը մշտապես եղել է չեմպիոնների շարքում։ ԵԽԽՎ-ն քանից իր բանաձեւերում անդրադարձել է այն երկրներին, որտեղ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ են արվում եւ տարիներ առաջ Հայաստանը Ադրբեջանի եւ Ալբանիայի հետ առաջատար եռյակում էր։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 1991-2018թթ․ Հայաստանում ընդհատվել է մոտ 434,000 հղիություն։ Վստահաբար, իրական թիվը շատ ավելի մեծ է, քանզի հղիության ընդհատումները բազմաթիվ դեպքերում կատարվում են ոչ լեգալ եւ չեն արձանագրվում։

Գործող օրենսդրությունը նախատեսում է մի շարք հանգամանքներ, որոնց առկայությունը թույլ է տալիս ընդհատել հղիությունը՝ չծնված երեխային զրկելով կյանքից։ Օրինակ, երբ հղիությունը մինչև 12 շաբաթական է, կինը (չծնված երեխայի մայրը) հիվանդ է, չծնված երեխայի մոտ առկա է արատ, առկա են հանգամանքներ, որոնք ավելի հավանական են դարձնում երեխայի մոտ արատների զարգացումը (ընտանիքում զարգացման արատներով երեխաների կամ սեռի հետ փոխկապակցված ժառանգական հիվանդությունների առկայություն), առկա են առողջական վիճակի հետ չկապված հանգամանքներ՝ հղիության ընթացքում ամուսնու մահը կամ ամուսնալուծությունը, կնոջ կամ ամուսնու՝ պատիժն ազատազրկման վայրում կրելն ու մի շարք այլ դեպքերում։

Մինչդեռ, չծնված երեխան եւս ունի կյանքի իրավունք ու բոլոր այս կարգավորումները պետք է փոխարինել մեկ կարգավորմամբ՝ հղիության արհեստական ընդհատման արգելքով: Ես եւ իմ գործընկեր Շաքե Իսայանը առաջիկա օրերին շրջանառության մեջ ենք դնելու չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին օրենքի նախագիծ, որով արգելվելու է հղիության արհեստական ընդհատումը, բացառությամբ, եթե բժիշկների ցուցումով կինն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են հղիության հետ։
Գիտեմ, որ շատերը ասելու են, թե հղիության արհեստական ընդհատումը դա յուրաքանչյուր կնոջ եւ ընտանիքի իրավունքն է, սակայն չծնված երեխան եւս ունի կյանքի իրավունք։ Իրավունք՝ ծնվելու ու ապրելու։ Եւ որեւէ մեկը հենց այնպես, իր կամ իր ընտանիքի հավեսի, կամ՝ երեխայի սեռը չհավանելու համար, կնոջը չպիտի դրդի նման ծայրահեղ քայլի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել