Pastinfo.am-ը գրում է.

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, որով փոխվում է տեխնիկական զննություն անցկացնելու պարբերականությունը։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Փոխնախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է առաջին տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման չորրորդ տարում։ Մինչև թողարկման 10 տարին երկու տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձր տարեկան մեկ անգամ պարբերականությամբ.

«Ուղևորափոխադրումներում ներգրավված մինչև 10 տարեկան տրանսպորտային միջոցները տեխնիկական զննությունը կանցնեն տարին մեկ, իսկ 10-ից բարձրերը տարեկան երկու անգամ պարբերականությամբ։ Սահմանվել է վարչական պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու և առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելու համար, ընդհուպ լիցենզիայի գործունեության դադարեցմամբ»,-ասաց փոխնախարարը։

Արմեն Սիմոնյանն ընդգծեց՝ նախագծի հիմնական նպատակն այն է, որ այն մեքենաները, որոնք ունեն լուրջ խնդիրներ, տեխզննություն անցնեն և սարքին լինեն. «Տարեկան ունենք մոտ 72-73 հազար ճանապարհատրանսպորտային պատահար։ ՃՏՊ-ներում անցած տարի մահացել է 343 մարդ։ Տարբեր գնահատականերով այդ պատահարներից 5-ից մինչև 30 տոկոսը տեղի է ունեցել անսարքության պատճառով»,-ասաց փոխնախարարը։

Նախատեսվում է նաև մոտ 95 տոկոսով ավտոմատացնել տեխնիկական զննության կարգը։ Բոլոր այն չափորոշիչները, որոնք ֆիքսվելու են տեխզննության ընթացքում, լինելու են առցանց։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ տարիներ շարունակ ֆեյք վիճակում են եղել և հիմա փորձում են իրական, ռեալ վիճակ արձանագրել, բայց դա արձանագրել նշանակում է ռիսկերի գնահատում. «Յուրաքանչյուր քաղաքացի, ով ուներ տրանսպորտային միջոց, թուղթ է առել։ Փողը տվել է, կայանի տերերը պեչատը խփել են, հետո իրենք շատ հայտնի տղերք են եղել։ Հիմա մենք պետք է ստիպենք՝ այդ կայանները դառնան կայաններ, իրենց տրված լիցենզիան էլ պետք է վերանայվի, այս գործընթացն անցնցում կլինի, որպեսզի իրենք իրականացնեն։ Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ արդեն թուղթ առնել չկա։ Եթե իրենց մեքենան տեխզննում չանցավ, այն չի կարող շահագործվի»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել