Փաշինյանն ասաց այն, ինչից հետևողականորեն խուսափում են մերձիշխանական շրջանակները:

«Գույքահարկը հորս տուն չեմ տանելու, ձե՛ր հոր տուն է գնալու» արտահայտությամբ Փաշինյանը հաստատեց՝ նպատակը բյուջեն լցնելն է:

Իսկ եթե բյուջեն լցնելու նման գործիքակազմ կիրառվում է ճգնաժամի պայմաններում, ապա խնդիրը շատ սուղ է:
Եթե մի պահ մոռանանք ամբողջ աշխարհում այս պահին տեղի ունեցողի լրիվ հակառակ գործընթացի՝ «մարդկանց գրպանները մտնելու» երևույթի բարոյական կողմը և մի փոքր ժամանակային առումով հետ գնանք, ապա արդեն կարելի է փաստացի արձանագրել, որ իշխանությունների մեկ-երկու տարի առաջ պարբերաբար բարձրացվող թեզը, թե ներդրողներին այս կամ այն խնդիրն է խանգարում (սկզբում՝ Խորհրդարանում ՀՀԿ-ականների ներկայությունը, հետո՝ խորհրդարանական ընտրությունները, հետո՝ Սահմանադրական դատարանի նախագահը և այլն), դատարկ աղմուկ էր:

Ներդրումները չեկան ու չեկան: Թե ինչու, շատ ծավալուն ու խորը խնդիր է, որին պարբերաբար անդրադարձել ենք ու դեռ շատ առիթներ կունենանք:

Իսկ այս պահին ֆիքսենք. բյուջեն ունի համալրման խնդիր, և դա, այո, արվում է իրար հաջորդող նոր օրենքներով, պարտադիր վճարներով, հարկերի բարձրացմամբ:

Գործընթացը նորմալ է, պետության ֆունկցիաների տեսանկյունից՝ տրամաբանական, եթե հաշվի չառնենք վերոնշյալ երկու նրբությունները՝ ճգնաժամ ու նախկինում իբրև բացարձակ ճշմարտություն տրված խոստումներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել