Դեմոկրատ Ջո Բայդենն արդեն իսկ դուրս է եկել իր կեցավայրից, որտեղ ստիպված է եղել անցկացնել իր ամբողջ ժամանակը՝ պայմանավորված Կովիդ-19 համաճարակի ռիսկային խմբում գտնվելու հետ: Ամերիկյան ընտրությունների կարևոր տարրերից են համարվում ընտրողների հետ ուղիղ հանդիպումներն ու ձեռքսեղմումները: Սա իրականում բավականին բարդ է կազմակերպել համավարակի պարագայում:

Եթե Թրամփը չի խուսափում հանրային միջոցառումներից, ապա Բայդենը փորձում էր ամեն կերպ շրջանցել դրանք: Նման զգուշավորությունն, իհարկե, լավ է, սակայն այն խաղում է Թրամփի օգտին և ձևավորվում է տպավորություն, որ դեմոկրատների արշավը դանդաղկոտ է և մեկ քայլ հետ է մնացել հանրապետականներից: Իհարկե, լիբերալ օնլայն հարթակները կիրառվում են ամբողջ ագրեսիվությամբ, սակայն դրանք չեն կարող փոխարինել ընտրողների հետ անմիջական շփումներին մարզադաշտերում և մեծ դահլիճներում:

Այսօր Բայդենը վերջապես կայցելի Վիսկոնսին նահանգ, որը կարևորագույն նշանակություն ունի երկու թեկնածուների համար: Օրեր առաջ Թրամփն արդեն իսկ հասցրել էր այցելել Վիսկոնսին և ծանոթանալ մասսայական անկարգությունների արդյունքում ջարդուփշուր եղած Քենոշա քաղաքի իրավիճակին: Միայն այսօր Բայդենն ու Հարիսը կլինեն Վիսկոնսինում, սակայն այնտեղ կլինի նաև փոխնախագահ Փենսը՝ ամբողջացնոլու հանրապետականների նախընտրական արշավն այս կարևոր նահանգում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել