Lurer.com-ը գրում է․

Ալկոհոլային  թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանքի միջնորդության գործով նիստը հետաձգվել է, նրա նկատմամբ կորոնավիրուսի  կրկնակի թեստավարում է նշանակվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց նրա պաշտպան Գոռ Գևորգյանը։

«Քննչականը չհիմնավորված ու չպատճառաբանված կասկածանք ունի, թե իբրև առաջին  թեստը եղել է ներգործության արդյունք, զուտ դրա համար, կարծեմ, ինչ-որ հարկադրանք են կիրառել և երկրորդ թեստավորումն են արել: Հիմա սպասում են երկրորդ թեստի պատասխանին, որ կարողանան  այս քննության ընթացքը լուծեն»,-ասաց փաստաբանը։

Նշենք, որ գործով մյուս երկու մեղադրյալները` արմավիրցի Արշակ Արշակյանն ու արարատցի Ավետիք Վարդանյանը, երկու ամսով կալանավորվել են:

Գոռ Գևորգյանի կարծիքով` չպատճառաբանված որոշումով են փորձում կալանավորել 50-ամյա Աշոտ Հովսեփյանին . «Որոշման մեջ չի երևում ո՛չ կալանքի պատճառը, ո՛չ էլ հիմքը: Կալանավորման համար որպես հիմք դրել են փախուստը կանխելը, քննությանը խոչընդոտելը, որը կարտահայտվի իրեր թաքցնելով, որոնք որ հետագայում կարող են դառնալ իրեղեն ապացույց քրեական գործով ու վկաների վրա ազդելով: Նախ փախուստի մասին  խոսք չի կարող լինել, որովհետև 2 օր է՝ ինքը ազատության մեջ է ու բացի իր հիվանդությունով զբավելուց չի էլ փորձել այլ բանով զբաղվել: Իրեղեն ապացույցներ թաքցնելը տրամաբանական չէ, քանի որ ինքն է ցուցմունք տվել և նկարագրել, թե որտեղ է պահում սպիրտը: Առավել անտրամաբանական է, որ կազդի վկաների վրա, քանի որ ինքն է տվել այն անձանց անունները, ում որ իրացրել է: Այսինքն՝ բացի հասարակական հնչեղությունը իրացնելու իրավունքից զուրկ,  մոտեցումը չի կարող արդարացնել Աշոտ Հովսեփյանի կալանավորումը: Միտումն այն է, որ ամեն ինչ անեն, միայն թե կալանավորեն»:

Գևորգյանը նշեց, որ իր պաշտպանյալը այս պահին ունի թոքաբորբ՝ կորոնավիրուսով պայմանավորված, ծանր դրսևորված շաքարային դիաբետ, օրը մի քանի անգամ ինսուլին են ներարկում, խնամքին էլ մեկ անչափահաս երեխա ունի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 17-ը՝ մահվան ելքով, 16 պացիենտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը՝ Երևանում՝, որից 7-ը՝ մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել