Lurer.com-ը գրում է.

Անտառային 17 հասցեում, արդեն 3 տարի է, ինչ շինարարական աշխատանքներ են ընթանում: Այդ աշխատանքները սկսեցին մտահոգել բնակիչներին, հատկապես, վերջին 2 ամիսների ընթացքում, քանի որ բնակիչների համար արդեն նկատելի էին անթիվ ապօրինություններ: Շինության և հետևաբար այդ ապօրինությունների սեփականատերը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանն է. «Շինարարությունը սկսել են, փաստացի, մեր պատին կպած 80 սմ երկարությամբ: Նրանք անում են` ինչ ուզում են, տիրում է ամենաթողություն, ըստ երևույթին, վերևներից ստանում են հովանավորություն»,- նշեց  Անտառային 19 հասցեի բնակիչ Լիլիթ Գալստյանը, որին խանգարում է տվյալ շինությունը:

Շինթույլտվությունը տրվել էր Փափազյանների ընտանիքին, դեռ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակ, սակայն քաղաքապետարանին ներկայացված նախագիծը որևէ կերպ չի համապատասխանում ներկայումս ընթացող շինարարական աշխատանքներին. «Նրանց ներկայացրած նախագծով տունը շատ ավելի փոքր էր, լողավազանը ջրավազան էր՝ տան մակերեսից ավելի փոքր և գտնվում էր բակի կենտրոնում, իսկ հիմա մեզ քաղաքապետարանից հայտնում են, որ նախնական նախագիծը այնպիսին է եղել, ինչպես որ կառուցվում է, իսկ մարդկանց սեփական տարածքում քաղաքապետարանը իրավունք չունի արգելել որևէ անձի  շինարարական աշխատանքներ իրականացնել»,-ասաց բնակչուհին:

Լիլիթ Գալստյանը, եթե անօրինությունները դնի մի կողմ, չի կարող հաշտվել մշտական աղմուկի, անընդհատ կողքի աչքի տակ գտնվելու, և, ի վերջո, վաճառելիս` տվյալ շինության պատճառով իրենց տունը շատ ավելի ցածր գնահատվելու իրականության հետ. «Ըստ օրենքի՝ հարևանի բակին նայող պատուհան չի թույլատրվում դնել 6 մետրից պակաս հեռավորության վրա. մենք մեր բակ իջնել չենք կարողանում: Իրենք էստեղ խոսում են, մինչև մեր ննջասենյակ լսվում է, եթե իրենք էստեղ խնջույքներ անեն, հյուր բերեն, չգիտեմ՝ ինչ է լինելու: Ստացվում է՝ մենք մեր կյանքը պետք է հարմարեցնենք «Թումո»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանի հե՞տ»,- ընդգծեց Լիլիթ Գալստյանը:

Բնակիչը բազմիցս դիմել է քաղաքապետարան, սակայն, ի պատասխան դիմումներին, քաղաքապետարանից ստացել է, ըստ իրեն, ծիծաղելի պատասխաններ. «Ասում են՝ նման շինարարական աշխատանքները թույլտվության կարիք չունեն, ու չի նշվում՝ ինչ շինարարական աշխատանք: Ինձ ամբողջապես այլ անկյունից նկարված նկար են ուղարկում, որում չի երևում զրուցարանը և լողավազանը, և մեկնաբանում են, թե բարեկարգման գործընթացներ են իրականացվում»,-նշեց Անտառային 19 հասցեի բնակիչը:

Անտառային 19 և 19/1 հասցեի բնակիչները միայն քաղաքապետարան դիմնելով չեն սահմանապակվել: «Թումո»-ի տնօրենի ներքևի հարևանը դատի է տվել ամուսիններին, սակայն դատն էլ չի խանգարել շինարարական աշխատանքների շարունակվելուն. «Տան մի հատվածը գտնվում է կալանքի տակ, բայց և այնպես, այդ տարածքի շինարարական աշխատանքները  մինչ օրս չեն դադարում»,- ասաց նա:

Բնակիչները չեն պատրաստվում լռել, նրանք այս խնդիրը բարձրաձայնելու են այնքան ժամանակ, քանի դեռ արդարությունը չի վերականգնվել. «Բարձրաձայնելու ենք այնքան ժամանակ, մինչև որ լուծում տանք այս խնդրին: Այսքան ապօրինություններից հետո, թե ոնց են իրենք շինթույլտվության իրավունք ստացել, մեծ հարցական է, ու քաղաքապետարանը պարտավոր է բացատրություն տա: Մեր իրավունքները կոնկրետ ոտնահարվում են քաղաքապետարանի կողմից»,- եզրափակեց Լիլիթ Գալստյանը:

ԼՈՒՐԵՐ.com-ը պատրաստ է հրապարակել նաև Մարի Լու Փափազյանի տեսակետը՝ այն մեզ տրամադրելու դեպքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել