Lurer.com-ը գրում է.

Թուրքիայում հայտնաբերվել և կալանավորվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «Թուրքիայի էմիրը» (հրամանատար)` Մահմութ Օզդենը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է Ermenihaber-ը։

Սոյլուն Twitter-ում արած գրառման մեջ նշել է, որ այդ հրամանատարը ծրագրեր է ունեցել, որոնք պետք է իրագործվեին Թուրքիայում:

Ավելի ուշ պարզվել է, որ Օզդենը հրահանգ էր տվել ԻՊ-ի անդամ հանդիսացող մի քաղաքացու Ստամբուլում ահաբեկչական ակտ իրականացնել, սակայն վերջինիս հայտնաբերել են և բերման ենթարկել:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` Օզդենին ձերբակալել են Ադանայում: Առգրավվել են բազմաթիվ թվային միջոցներ, քարտեզներ և փաստաթղթեր, որոնցում նշված է, թե պայթուցիկները և զենքերը ում պետք է հանձնվեն, և խմբավորման անդամները` ում հետ պետք է համագործակցեն: Օզդենը զբաղվել է արմատական խմբավորման համար հավաքագրման աշխատանքներով:

Նա ավելի վաղ կազմակերպել է Սիրիայում օպերացիաների ժամանակ վիրավորված քաղաքացիների տեղափոխումը Ադանա, որոնք համագործակցել են ԻՊ-ի անդամների հետ: Զբաղվել է նաև հոգևոր-կրոնական գործունեությամբ:

Ադանայի ահաբեկչության դեմ պայքարի նահանգային վարչության օպերատիվ խմբերն ԻՊ-ի անդամների հայտնաբերման ուղղությամբ իրականացրած համաժամանակյա օպերացիայի շրջանակում 5 կասկածյալի են բերման ենթարկել:

Նշվում է, որ այդ կասկածյալներից մեկն էլ Մահմուդ Օզդենի որդին է` Համզա Օզդենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել