Lurer.com-ը գրում է․

Հունաստանը կիրականացնի իր ինքնիշխան իրավունքները արեւելյան Միջերկրական ծովում՝ չնայած Թուրքիայի կողմից պատերազմի աննախադեպ սպառնալիքներին: Այս մասին ասված է Հունաստանի արտգործնախարարության կողմից շաբաթ օրը տարածված հայտարարության մեջ՝ կապված Հունաստանի դեմ ռազմական ուժ կիրառելու սպառնալիքի հետ՝ նրա կողմից իր տարածքային ջրերը 6-ից մինչեւ 12 ծովային մղոն ընդլայնելու դեպքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիայի աննախադեպ պատկերացումը, որ նա կարող է սպառնալ հարեւան երկրներին ուժի գործադրմամբ, երբ նրանք իրականացնում են իրենց օրինական իրավունքները, հակասում է ժամանակակից քաղաքական մշակույթին, ինչպես նաեւ միջազգային իրավունքի հիմնարար դրույթներին: Մենք կոչ ենք անում Թուրքիային գիտակցել, որ միջազգային իրավունքը եւ այն արժեքները, որոնց վրա կառուցված է ժամանակակից միջազգային կարգը, պարտադիր են աշխարհի բոլոր երկրների համար: Դրանք ընտրովի չեն կիրառվում, եւ միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել դրանք, քանի որ դրանց խախտումը վկայում է առավելագույն ռիսկի մասին»,- ընդգծել է Հունաստանի ԱԳՆ-ը:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը շաբաթ օրը պատերազմով է սպառնացել Հունաստանին, եթե նա իր տարածքային ջրերն ընդլայնի մինչեւ 12 ծովային մղոն: «Թուրքիան անհրաժեշտ ամեն բան կձեռնարկի Միջերկրական ծովում իր ջրերի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը պաշտպանելու համար: Իր տարածքային ջրերը 6-ից մինչեւ 12 ծովային մղոն ընդլայնելու Հունաստանի փորձերը Անկարան չի ճանաչի: Այդ քայլը կարող է ռազմական հակամարտության պատճառ դառնալ»,- քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում Անատոլիական գործակալությունը:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը չորեքշաբթի օրը խորհրդարանում հայտարարել է, որ, հիմնվելով ՄԱԿ Ծովային իրավունքի մասին բանաձեւի դրույթների վրա, Աթենքն իր տարածքային ջրերը Հոնիական ծովում 6-ից ընդլայնում է մինչեւ 12 ծովային մղոն, եւ Իտալիան ու Ալբանիան արդեն տեղեկացված են այդ մասին: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նույն հանդիպմանն ասել է, որ Հունաստանը Միջերկրական ծովում հունական Կրետե կղզուց հարավ կընդլայնի իր տարածքային ջրերը այն գոտիներում, որոնք սահմանազատվել էին Եգիպտոսի հետ վերջերս կնքված համաձայնագրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել